Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում լուսանկարների ցուցադրություն է կազմակերպվել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Դպրոցի ճեմասրահում ցուցադրվել են Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարները, այնուհետև՝ ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել է բաց դաս:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պատասխանատուները բաց դասի ընթացքում խոսել են Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման, 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի և անկախության ու հայոց պետականության կերտման մասին:
Մ/Ծ պետ Արմեն Գերյանը ներկայացրել է տեղեկատվություն Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու կառուցման ժամանակաշրջանի, ճարտարապետ-կառուցողի, որմնանկարների և եկեղեցին պարուրած վեց շարք զարդաքանդակների ու հարթաքանդակների մասին:
Իր խոսքում կրթօջախի տնօրենը համոզմունք է հայտնել, որ երիտասարդները հոգատար վերաբերմունք կցուցաբերեն նախնիներից ժառանգած մշակութային ժառանգության հանդեպ: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ին ու ՊՄՊ Լոռու մարզային ծառայությանը նման միջոցառումների անցկացման և հուշարձանների պահպանության գործում ցուցաբերած նվիրումի համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում բաց դասեր, արշավներ և էքսկուրսիաներ անցկացնել մարզի հուշարձանների տարածքներում: