Սեպտեմբերի 14- 16-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայացել է «Մարդկության պահպանությունը որպես կայուն զարգացման գրավական» թեմայով միջազգային համաժողով, որտեղ քննարկվել են մարդկության պահպանության, մշակութային ժառանգության համամարդկային արժեքներին և մշակույթի միջոցով ազգամիջյան փոխհարաբերությունների պահպանման, երկխոսության հաստատման և զարգացման հիմնախնդիրներին վերաբերող հարցեր։
Համաժողովի կազմակերպման նախաձեռնողներ են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՌԴ հանձնաժողովը, Թաթարստանի հանրապետության կառավարությունը, Գիտությունների ակադեմիան, Թաթարստանի հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների վերածննդի ազգային հիմնադրամը, Կազանի ֆեդերալ համալսարանը,Կազանի մշակույթի պետական համալսարանը։
Միջազգային համաժողովին մասնակցել են Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Չինաստանի, Լեհաստանի, Ղազախստանի, Թաթարստանի, Հայաստանի և այլ երկրների 40 ավելի փորձագետներ, գիտաուսումնական հաստատությունների 200-ից ավելի ներկայացուցիչներ և այլք։
Համաժողովի նպատակը մարդկային համաշխարհային ռեսուրսների պահպանման, պատմամշակութային արժեքների վերականգնման և այդ արժեքների հանրահռչակմանն ուղղված համակարգված ուղիներ նախանշելն է։
Միջազգային համաժողովում Հայաստանը ներկայացրել են ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և տնօրենի՝ ֆոնդային աշխատանքների գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը։
Աշոտ Փիլիպոսյանն իր «Պատմահնագիտական արգելոց-թանգարանների դերն ու նշանակությունը պատմական միջավայրի և պատմամշակութային ժառանգության պահպանության, օգտագործման ու հանրահռչակման գործում» թեմայով զեկույցում անդրադարձել «Զվարթնոց», «Գառնի», «Զորաց քարեր», «Գլաձորի համալսարան», «Մեծամոր», «Էրեբունի», «Կարմիր բլուր», «Շենգավիթ» պատմամշակութային և պատմահնագիտական արգելոցների ու արգելոց-թանգարանների «գործունեությանը։ Ա․Փիլիպոսյանը նշել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը մշակութային ժառանգության պահպանության ոլորտի գերատեսչություններում պաշտոնապես ներառել է «պատմական միջավայրի պահպանություն» եզրույթը, ինչը համաժողովի մասնակիցները շատ բարձր են գնահատել։
Միջազգային համաժողովի մասնակիցները այցելել են Բոլգարի և Նեսվիյաժսկի պատմահնագիտական արգելոցներ, ծանոթացել տեղում իրականացված պեղումներին, վերականգնման և ամրակայման աշխատանքներին։
Համաժողովի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։