ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՐՑՆԵՐԸ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՐՑՆԵՐԸ

2016-10-10T15:38:20+00:00 October 5th, 2016|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Վիկտորիա Իսահակյանը և մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժին վարիչի պաշտոնակատար Սերոբ Հունանյանը մասնակցել են Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկմանը։ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվում մշակույթի տարբեր ոլորտներում՝ հետագա զարգացման համար առաջարկներ մշակելու նպատակով։

ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցելով՝ Հայաստանի համար որպես ծրագրի հիմնական ուղղություն ընտրվել է մշակութային ժառանգության ոլորտը։ Քննարկումն անցկացրել են մշակույթի և ստեղծարարության ոլորտի փորձագետ Ռագնար Սիիլը (Էստոնիա), մշակութային ժառանգության պահպանման փորձագետ Ռոբ Փիքարդը (Մեծ Բրիտանիա), մասնակցել են պատմամշակութային ժառանգության ոլորտի աշխատողներ։ Մասնակիցները խոսել են պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի, առկա խնդիրների մասին, քննարկել են ոլորտի զարգացմանն ուղղված հիմնական անելիքները։

Քննարկման նպատակը Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի զարգացման վերաբերյալ համապարփակ զեկույցի պատրաստումն է։ Զեկույցի հեղինակ Ռոբ Փիքարդը նշել է, որ այն կարևոր ներդրում է լինելու մշակութային ժառանգության՝ նյութական և ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ թանգարանների, հուշարձանների, արհեստների, բանահյուսության մրցունակության բարձրացման համար։

Ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհրդի գլխավորած կոնսորցիումը՝ Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ։

Ծրագիրը ֆինանսավորել էր Եվրոպական միությունը։