ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

2021-11-17T14:15:41+00:00 12/10/2016|Լրահոս|

Վայոց ձորի մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ: Դարերի խորքից մեզ են հասել բազմաթիվ մշակութային արժեքներ, վիմագիր արձանագրություններ, որոնց շնորհիվ տեղեկացել ենք մեր նախնիների ինչպես հերոսապատումներին, այնպես էլ ծանոթացել պատմական, մշակութային ձեռքբերումներին:

ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը հուշարձանների պահպանությանը զուգահեռ, բաց դասերի, մշակութային այլ միջոցառումների անցկացմամբ իրականացնում է նաև դրանց հանրահռչակումը: Մ/ծ աշխատակիցներն օրերս բաց դաս են կազմակերպել մարզի դպրոցականների համար, որտեղ խոսել են Նորավանքի, Խաչիկ գյուղում գտնվող Քարկոփ վանական համալիրի, Մոմիկի ծննդավայր Ուլգյուր գյուղատեղիիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու (այն կառուցել է Մոմիկն՝ ի հիշատակ իր ծնողների), Շատիվանիքի և Արատեսի վանական համալիրների, Եղեգիսի եկեղեցիների, Հերհերի սուրբ Սիոն եկեղեցու մասին: Մարզային ծառայության պատասխանատուները ներկայացրել են նաև Մարտիրոս գյուղի հարուստ մշակութային ժառանգությունը, նշելով, որ գյուղը հարուստ է հնագույն խաչքարերով, Վերին Լիճ և Աղխաչ գյուղատեղիներով, որոնք հարուստ են անձեռակերտ տապանաքարերով:

Ի դեպ գյուղն ունի իր «անձնագիրը»` հիմնադրման առիթով 1283 թ. կառուցված խաչքարը:

Միջոցառման մյուս հատվածը նվիրվեց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը: Նկատի ունենալով, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն այս տարի անցկացվել է «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո մարզային ծառայության պատասխանատուները անդրադարձան նաև Վայոց ձորի կենցաղին:

Սերնդեսերունդ ժառանգվել և փոխանցվել են կենցաղային բազմաթիվ սովորույթներ, որոնց թիվը մեր օրերում, ցավոք, նկատելիորեն նվազել է: Կենցաղային մի շարք իրեր` խնոցի, սանդերք, ճախարակ, կուժ ու կուլա, խոտհնձի պարագաներ, դարբնի աշխատանքային մի շարք գործիքներ վերածվել են թանգարանային նմուշների: Գործածությունից գրեթե դուրս են եկել թոնիրն ու օջախը, մոռացության են մատնվում մի շարք ավանդական ճաշատեսակներ:

Հուշարձանների պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատողները ծառայության պետի տեղակալ Համլետ Եղիազարյանի նախաձեռնությամբ ուսումնասիրել են մարզի հնաբնակ գյուղերից մեկի` Մարտիրոսի ավանդույթներով հարուստ կենցաղը: Պարզվել է, որ գյուղի մեծահասակները այսօր էլ շարունակում են պատրաստել շատերի կողմից վաղուց մոռացության մատնված այնպիսի ճաշատեսակներ, ինչպիսիք են «քյալագյոշը», «բալաջիկը», «բորանին» և այլն: Հիշատակվածների շարքում կա մի ճաշատեսակ, որը բնակիչների կողմից կոչվում է «Մարտիրոսցու կարշըմ»: «Կարշըմը» բանջարի մի տեսակ է, որից պատրաստած ճաշը ավանդաբար վայելում են հարևանների, բարեկամների, մտերիմների հետ` ստեղծելով ինքնատիպ տոնական տրամադրություն: