«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Քրիստոնեության տարածումը Հայաստանում» թեմայով բաց դաս է անցկացվել Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների համար: Նկատի ունենալով, որ Մեղրիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին որմնանկարազարդ Ավետարան է բաց դասն անցկացվել է եկեղեցում: Դպրոցականները ծանոթացել են պատմամշակութային ժառանգության այս յուրահատուկ կոթողի պատմությանը, 18-րդ դարի որմնանկարներին, որոնցում պատկերված են Աբգար թագավորը, Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները, Հռիփսիմյան կույսերը, Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ արքան:
Մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հաջորդ նախաձեռնությունը նույն դպրոցի 10 դասարանի աշակերտների համար Կապան քաղաքի պատմամշակութային հուշարձանների տարածք կազմակերպած էքսկուրսիան էր: Աշակերտներն այցելել են Կապանի երկրագիտական թանգարան, Ժամանակակից արվեստի պատկերասրահ, Կապանի քաղաքային թանգարան, Նժդեհի անվանակիր հուշահամալիր: Էքսկուրսիան ավարտվել է Վահանավանք այցով: Մարզի հուշարձանների մասին զեկուցումով հանդես է եկել ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը: