ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Մեր երկրում ասորիները բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան, հաստատվել են Երևանի նահանգում, ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում և Երևանում` կառուցելով իրենց բնակարաններն ու եկեղեցիները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է երեք ասորական եկեղեցի, որոնցից երկուսը հաշվառված են Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Հայաստանում բնակվող ասորիները համարվում են Արևելքի Ասորական Կաթողիկոսության Սուրբ Առաքելական Եկեղեցու հետևորդները: Ամենավաղը 1828թ կառուցված Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Թովմաս առաքյալին նվիված «Ումրա» (Մար Թումա) /պետ. ցուցիչ՝ 3.92.1./ եկեղեցին է: Եկեղեցին կառուցվել է համայնքի բնակիչների ջանքերով: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին վերածվել է թունաքիմիկատների, ազոտական պարարտանյութերի պահեստի: Մյուսը՝ Սուրբ Կիրիլը (կամ Կիրիկ և Իուլիտա Սուրբ Նահատակների) /պետ. ցուցիչ՝ 3.38.2./, գտնվում է Դիմիտրով գյուղում: Եկեղեցին կառուցվել է 1840թ., վերակառուցվել՝ 1980թ.-ին: Եկեղեցու գլխավոր մուտքն ունի երկլեզու արձանագրություն, որում նշված են եկեղեցու անունը, կառուցման և վերակառուցման տարեթվերը: Ճարտարապետական տեսանկյունից երկու եկեղեցիները միմյանց շատ նման են` իրենց պարզ կառուցվածքային լուծումներով: Եկեղեցիները հատկապես աչքի են ընկնում եռահարկ զանգակատներով:

Օգտագործված գրականություն
1. Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, 2013:
2. Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, 1974: