ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-ՍԵՄԻՆԱՐԻՆ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-ՍԵՄԻՆԱՐԻՆ

2017-03-10T11:07:59+00:00 16/02/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Հունանյանը Գերմանիայի Դաշնության «Բաց տներ» երիտասարադական, մշակութային և կրթական կազմակերպության հրավերով մասնակցել է օրերս Վեյմար քաղաքի և նրանից ոչ հեռու գտնվող Օսմանշտետ Մանոր Հաուս ավանի սեմինարների կենտրոնում կազմակերպված «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության գործընկեր-ծրագրերը համակարգողների համաժողով-սեմինարին:

Համաժողով-սեմինարին մասնակցել են նաև պատմամշակութային ժառանգության պահպանմամբ և հանրահռչակմամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Կոսովոյից, Բելառուսից և Իսպանիայից:

Համաժողովի նպատակը տարբեր երկրների մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներին համախմբելն է՝ փորձի փոխանակման, հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի մշակման և իրականացման համար: Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր-ծրագրերում ներառված են պատմամշակութային ժառանգության կամավորների ջանքերով անցկացվող մշակութային արժեքների պահպանման, վերականգման և կրթական մի շարք միջոցառումներ, որոնք տարածված են Եվրոպական շատ երկրներում: Սեմինարի ընթացքում քննարկվել են օտարերկրացի կամավորներին պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը մասնակից դարձնելու հետ կապված մի շարք հարցեր։ Հատկապես այդ խնդիրների իրականացման համար առավել նպատակահարմար է նրանց ընդգրկումը միջազգային կամավորական ճամբարների կազմում, որոնք հիմնվում են հուշարձանների տարածքին մոտ գտնվող բնակավայրերում։ Համաժողով-սեմինարի ընթացքում ներկայացվել է նախորոդ տարիներին կազմակերպված հնագիտական ճամբարների աշխատանքը։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է այցելություն Վեյմարի տարածքում գտնվող համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձաններ, ներկայացվել տեղում կամավորների իրականացրած աշխատանքները և հետագա ծրագրերը:

Ծրագրի շրջանակներում կազմակեպվել են նաև այցելություններ Թյուրինգիա երկրամասի հնագիտական թանգարան (Վեյմար) և Էրֆուրտ քաղաքի մի քանի պեղավայրեր: Թանգարանում էքսկուրսիան անցկացնող տնօրենը ներկայացրել է իրենց հարուստ հավաքածուն, տվյալ երկրամասի տարածքում իրականցված պեղումներից հայտնաբերված իրերը, ինչպես նաև ծանոթացրել թանգարանում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և կազմակերպվող գիտակրթական միջոցառումներին: Էրֆուրտ քաղաքում պեղավայրերի շրջայցն անցկացվել է Թյուրինգիա երկրամասի հնագիտական ինստիտուտի հնագետի ուղեկցությամբ։ Նա ներկայացրել է քաղաքի պեղումների արդյունքները։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Սերոբ Հունանյանը ծրագրի ընթացքում հանդես է եկել զեկուցումով և լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացրել Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ՊՈԱԿ-ի մասնաճյուղերը և նրանց գործունեությունը: Սերոբ Հունայանն առանձին ցուցադրությամբ ներկայացրել է Վայոց ձորի պատմամշակութային հուշարձանների և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հնարավորությունները՝ «Եվրոպական Ժառանգության կամավորներ» կազմակերպության հետ համագործակցությամբ միջազգային կամավորներ ներգրավելու և հետագայում համատեղ նախագծեր իրակացնելու համար։ Քննարկվել են եվրոպական տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների հնարավորությունները, հուշարձանների տարածքներում իրականացվող կամավորական միջոցառումները։

Սեմինարի ընթացքում ցուցադրվել են ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Մեծամոր» և «Գլաձորի համալսարան» ֆիլմերը: Մասնակիցները ՊՈԱԿ-ի անունից նվեր են ստացել «Մեծամոր» ֆիլմի խտասկավառակ և բուկլետ:

Հայկական մշակութային ժառանգությամբ տպավորված համաժողով-սեմինարի մասնակիցները հավաստել են, որ սիրով կընդգրկվեն Հայաստանի պատմամշակութային հուշարձանների տարածքներում կազմակերպվող ճամբարների կազմում։