ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴԱՇՆԱԿ Է ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ․ ԱԼՊԱԳՈ ՆՈՎԵԼԼՈ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴԱՇՆԱԿ Է ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ․ ԱԼՊԱԳՈ ՆՈՎԵԼԼՈ

2017-03-10T12:36:54+00:00 22/02/2017|Լրահոս|

Իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելլոն ծնվել է 1932-ին՝ Իտալիայում։ Նովելլոն 1967 և 1969 թթ ղեկավարել է Խորհրդային Հայաստան, իսկ 1970 թվականին՝ Վասպուրական, Անի, Կիլիկիա այցելած իտալական գիտարշավախմբերը։ 1968 թ-ին նա Միլանում հիմնադրել ու երկար տարիներ ղեկավարել է Հայկական միջնադարյան ճարտարապետության հետազոտությունների և փաստագրման կենտրոնը, ապա՝ Արմեն և Հակոբ Մանուկյան եղբայրների հետ ստեղծել «Հայ ճարտարապետության վավերագրեր» («Documenti de architettura Armena») մատենաշարը։ 1968 թվականին Միլանի հայկական գաղութի աջակցությամբ կազմակերպել է միջնադարյան հայկական ճարտարապետության «Հայկական ճարտարապետությունը 4-18-րդ դարերում» լուսանկարների ցուցահանդես, որն Իտալիայից բացի ցուցադրվել է նաև Ավստրիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Շվեյցարիայում, Լիբանանում, Իրանում։ Նրա նախաձեռնությամբ տարբեր լեզուներով հրատարակվել են հայկական և վրացական ճարտարապետության մասին պատմող բազմաթիվ ուսումնասիրություններ և հոդվածներ, տպագրվել է լուսանկարների տպավորիչ շարք՝ ճարտարապետական գծագրեր, մատենագիտական նյութեր։ Ուշագրավ է իտալացի ճարտարապետի դեպի հայկական ճարտարապետություն ուղղված «հայացքը»։ Ալպագո Նովելլոն հայկական միջնադարյան արվեստը դիտում է ոչ միայն իբրև պատմական երևույթ, այլև մեկնաբանում արդի արվեստի զարգացման տեսանկյունից։ Անդրադառնալով Վայոց ձորում գտնվող Նորավանքին, Նովելլոն կարծում էր, որ այդ վանական համալիրը կարծես առանձնացած մի կառույց է, որը գտնվում է ամայի ձորի հարավային լանջերին, գրեթե ձուլված այն շրջապատող բնությանը՝ չկորցնելով իր վեհությունն ու շքեղությունը։ Այդպես հաճախ է հանդիպում հայկական ճարտարապետության մեջ․ կառույցը, միանալով բնության ստեղծածին, «բնական» ճարտարապետությունը դարձնում է ավելի ամբողջական ու կատարյալ։ Ըստ Նովելլոյի այդպիսի օրինակներ են նաև Արենիի եկեղեցին և Թանահատի վանական համալիրը, որոնք կարծես թաղված են բնության մեջ և դիտողի մոտ ստեղծում են անսահմանության զգացողություն։ Նովելլոն հատուկ ուշադրություն է դարձրել Նորավանքի գլխավոր մուտքի ճակատային զարդաքանդակին՝ այն համարելով բացառիկ տեսարանային լուծումներ ունեցող հատված, ինչը հատուկ է Վայոց ձորի ճարտարապետական «դպրոցին»։

Իտալացի ճարտարապետը առանձնակի հիացմունքով է արտահայտվել բնության հետ ներդաշնակ Սանահինի վանական համալիրի վերաբերյալ։ Ըստ նրա, բյուրեղային այս հորինվածքը, որ կատարյալ է նաև երկրաչափորեն, կարող է դիտվել իբրև հայկական ճարտարապետության առանձնահատուկ օրինակ, այդ առումով ուշագրավ են հատկապես համալիրի գլխավոր կառույցները։ «Եթե այն չդիտարկենք իբրև շրջակա միջավայրի անբաժան մասնիկ, միանգամից կկորցի հմայքն ու կվերածվի մի պարզ քանդակի՝ հակառակ ճարատապետական ճշգրիտ հաշվարկներին ու անթերի լուծումներին»,-սա նրա կարծիքն է։ Ալպագո Նովելլոյի համոզմամբ պատահական չէ, որ ճարտարապետական նմանատիպ լուծումները հատուկ են իտալական վերածննդի առաջին շրջանի ճարտարապետությանը։

Սանահինի ճարտարապետական լուծումները վկայում են հայկական ճարտարապետության «իմատուն» լինելու մասին։ Ավանդական փորձի հետ մեկտեղ այստեղ ի հայտ է գալիս ճարտարապետական նոր ձևերի մի ամբողջ շարք, որը խտացված է վանական համալիրի կառույցների՝ հատկապես գավթի մեջ։

Ալպագո Նովելլոն կյանքի մի զգալի հատված նվիրել է հայկական քրիստոնեական ճարտարապետության մենագրությունների մատենաշարի տպագրմանը։ «Ուզում եմ երախտագիտությունս ու ջերմությունս հայտնել իմ ընկերներից շատերին, որոնք մեծ դեր են ունեցել այդ հատորների ստեղծման գործում, սակայն արդեն ողջ չեն՝ Արմեն Մանուկյան, Արմեն Զարյան, Հարություն Կասանջյան, Պաոլո Կունեո։ Նրանց շնորհիվ է նաև, որ տարածվեց հայ մշակույթը»,- ասել է Նոլվելլոն։ Հակառակ արված հսկայական աշխատանքին՝ նա կարծում էր, որ դեռ չի ավարտել հայկական ճարտարապետության ուսումնասիրության իր «առաքելությունը»։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող իտալացի երախտավորը մահացել է 2005 թ․-ին։