ԲԱՑ ԴԱՍ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

2018-03-29T15:57:15+00:00 28/02/2017|Գեղարքունիք, Լրահոս|

Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքի Հացառատ թաղամասում, գերեզմանոցի տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ վերջերս հայտնաբերվել են բացառիկ արժեք ներկայացնող հնագիտական նյութեր: Նոր գերեզման փորելիս բացվել էր ուրարտական շրջանի դամբարան` մ.թ.ա. 7-րդ դարով թվագրվող հնագիտական և հնամարդաբանական նյութերով, որոնց վերաբերյալ համացանցում տեղադրված լուրերը շատերի մոտ մեծ հետաքրքրություն էին առաջացրել:

Գավառի Մնացական Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիմիր Սարգսյանն օրերս դիմել էր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայություն` խնդրելով մարզի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոների և պեղումների թեմայով բաց դաս անցկացնել դպրոցի աշակերտների համար:

Մ/ծ պետի տեղակալ Շուշանիկ Հակոբյանը, խոսելով հայտնաբերված նյութական արժեքների մասին, նշել է, որ դրանք վերաբերել են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակաշրջանին: Նրա փոխանցմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ուսումնասիրությունից ու վերականգնումից հետո գտածոները կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Դպրոցականները պեղումներին, հայտնաբերված գտածոներին, թաղման կարգին վերաբերող ու մի շարք այլ հետաքրքիր հարցեր են ուղղել մարզային ծառայության պետի տեղակալին:

Պատասխանելով հարցերին` Շուշանիկ Հակոբյանը խոսել է նաև մշակութային ժառանգության պահպանության մասին և անդրադարձել հուշարձանների հանդեպ երիտասարդների պատասխանատվության, հոգատարության կարևորությանը:
«Հուշարձանները բոլորի հոգատարության կարիքն ունեն, դրանց լավագույն պահպանությունը յուրաքանչուրիս` որպես քաղաքացու, պարտքի դրսևորումն է մեր պատմության ու մշակույթի հանդեպ», -ասել է նա:

Մարզային ծառայության պետի տեղակալը նաև բացատրել է ունկնդիրներին, որ պատահաբար բացված հնագիտական շերտի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել հուշարձանների պահապաններին, իսկ գտածոները` չտեղաշարժել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գարնանը մարզի հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Իսկ ուսումնական տարվա ավարտին արդեն գիտաճանաչողական էքսկուրսիաներ կազմակերպել հուշարձանների տարածքներ, արգելոց-թանգարաններ: