ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԱՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ. ԱՆԱՏՈԼԻ ՅԱԿՈԲՍՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԱՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ. ԱՆԱՏՈԼԻ ՅԱԿՈԲՍՈՆ

2017-03-17T17:15:08+00:00 14/03/2017|Լրահոս|

Ռուս հնագետ, արվեստաբան, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը ծնվել է 1906 թ-ին՝ Լենինգրադում։ Առաջին անգամ Հայաստան է եկել 1929թ.-ին՝ Հովսեփ Օրբելու գլխավորած արշավախմբի կազմում, իսկ 1936 թ.-ին վերջինս ղեկավարությամբ մասնակցել է Ամբերդի պեղումներին։ Հետագայում շրջել է Հայաստանի գրթե ողջ տարածքով, ծանոթացել մեծաթիվ արժեքավոր հուշարձանների, մանրակրկիտ ուսումնասիրել Միջնադարյան Հայաստանի ճարտարապետական արվեստը։

Իր բեղուն գիտական գործունեությանը և բազմակողմանի հետաքրքրություններին համընթաց` Անատոլի Յակոբսոնը լրջորեն զբաղվել է նաև հայ ժողովրդի բազմադարյան մշակույթով։ Նա մի շարք մենագրությունների հեղինակ է, անդրադարձել է նաև Ղրիմի և Անդրկովկասի հայկական ճարտարապետական հուշարձաններին։ Այդ հետաքրքրությունն սկիզբ է առել դեռևս ուսանողական տարիներին, իսկ Ամբերդի պեղումներին մասնակցելը նրա համար դարձավ գիտական հրաշալի փորձառություն, նաև որոշիչ դեր խաղաց նրա` որպես Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու դպրոցի հետևորդի, հնագիտության և մշակույթի հանդեպ հետագա հետաքրքրությունների ձևավորման ճանապարհին։

1930-ականներին և 1940-ական թթ. երկրորդ կեսին Յակոբսոնն ուսումնասիրել է Հայաստանի մի շարք կարևոր վանական համալիրներ և հուշարձաններ, որոնց արդյունքում հետագայում հրատարակել է «Հայկական միջնադարյան ճարտարապետության պատմությունից» ընդհանուր վերնագրով հոդվածների հատորյակը։ Անատոլի Յակոբսոնն առանձնակի հետաքրքրություն է ունեցել հայկական միջնադարյան վանական համալիրների նկատմամբ։ Նա առաջին օտարերկրացին էր, ով հրատարակեց Տեղեր (Դըղըր), Տաթևի և Խորակերտի վանական համալիրների, Մշկավանքի և Գանձասարի եզակի համալիրի (հեղինակն այն իրավացիորեն համարում է XIII դարի հայկական ճարտարապետության հանրագիտարան) վերաբերյալ ուսումնասիրությունները։ Այդ շարքում են նաև Բյուրականի և Ոսկեպարի եկեղեցիները։ Նրա այդ ուսումնասիրությունների մասին է պատմում 1950թ.-ին հրատարակված «Պատմական անկնարկ Հայաստանի V-XVII դարերի ճարտարապետության մասին» աշխատությունը։ Այն միչև այսօր էլ չի կորցրել իր կարևորությունն ու արդիականությունը։

Առանձնահատուկ արժեք ունեն Յակոբսոնի այն աշխատությունները, որոնք պատմում են հայերի և այլ ժողովուրդների ճարտարապետական նվաճումների մասին։ Այդ ոլորտում Յակոբսոնը նոր էջ բացեց խորհրդային արվեստաբանության մեջ։ Յակոբսոնը գիտական լուրջ ուսումնասիրությամբ է ներկայացնում Հայաստանի միջնադարյան ճարտարապետության և համաշխարհային ճարտարապետության փոխներգործություններն ու ընդհանրությունները։ Նա առաջիններից մեկն էր, ով համարձակություն ունեցավ մշակել միջնադարյան արվեստի ու ճարտարապետության ընդհանուր օրինաչափությունները։ Յակոբսոնի «Միջնադարյան ճարտարապետության զարգացման օրինաչափությունները» ուսումնասիրությունը IV-ից մինչև XIV-XV դդ. ընդգրկող մենագրություն է, որը պատմում է մի ընդարձակ տարածաշրջանի ճարտարապետական զարգացումների մասին։

Յակոբսոնը մշտապես ուշադիր հետևել է հայկական ճարտարապետությանը նվիրված ուսումնասիրություններին, հաճախ է ելույթ ունեցել և խիստ քննադատել որոշ «ուսումնասիրողների» աշխատություններում տեղ գտած հայկական արվեստի և ճարտարապետության պատմության միտումնավոր խեղաթյուրումները։

Առողջական ծանր վիճակը, ցավոք, կյանքի վերջին տարիներին նրան թույլ չի տալիս նորից այցելել Հայաստան և անմիջական մասնակցություն ունենալ հայկական արվեստին ու ճարտարապետությանը նվիրված միջազգային գիտաժողովներին ու խորհրդակցություններին։ Բայց և այնպես` մինչև կյանքի վերջին օրը նա շարունակել է զբաղվել հայկական ճարտարապետության մեկնաբանությամբ, միաժամանակ ելույթներ ունեցել միջազգային գիտաժողովներին ու ներկայացրել հայկական արվեստի վերաբերյալ զեկուցումներ, դրանք տպագրել գիտական հանդեսներում։

Անգնահատելի է նրա ավանդը հատկապես խաչքարերի ուսումնասիրության գործում։ Յակոբսոնը կարծում էր, որ խաչքարի արվեստը հսկայական երևույթ է միջնադարյան գեղարվեստական մշակույթի մեջ։ Այն հատում է ազգայինի սահմանները և կանգնում համաշխարհային արվեստի նվաճումների կողքին։

Յակոբսոնը հայկական խաչքարային արվեստը համարում էր միջնադարի գեղարվեստական արվեստի մի ինքնատիպ ու զարմանահրաշ դրսևորում։