ԲԱՑ ԴԱՍ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:53:45+00:00 18/04/2017|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, անցկացվել է բաց դաս, սանմաքրման, բարեկարգման աշխատանքներ և ծառատունկ Վեդի քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների /պետ ցուցիչ՝ 3.4.3/ հիշատակին կանգնեցված հուշարձանի, Արցախյան ազատամարտին, Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված կոթողների տարածքներում:

Միջոցառումը մեկնարկել է Վեդի քաղաքի Մշակույթի տան մոտ տեղադրված ապրիլյան ռազմական գործողություների ընթացքում զոհված Վեդու բնակիչ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանին նվիրված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ են խոնարհել թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Ապա` ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը Վեդու համայնքապետարանի դահլիճում «Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը» թեմայով դասախոսություն է կարդացել, որն ուղեկցվել է ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի պատրաստած հուշարձանների լուսապատկերային ցուցադրությամբ։ Անահիտ Դալլաքյանը դասախոսության ավարտին աշակերտներին ներկայացրել է նաև օրվա խորհուրդը, հորդորել ավելի սրտացավ վերաբերվել մեր պատմամշակութային ժառանգությանը:

Այնուհետև` դպրոցականների և N զորամասի զինծառայողների օգնությամբ սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վեդի քաղաքի ԵԱԶ-ի հուշարձանի, Արցախյան պատերազմի նահատակների և Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կոթողների տարածքներում, ինչն ավարտվել է 50 բարդիների ծառատունկով: Այս աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են Վեդու փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչներ: ՊՄՊ մարզային ծառայությանը ծաղիկներ, տնկիներ, սանմաքրման համար անհրաժեշտ պարագներ տրամադրել և համաքաղաքային միջոցառման անցկացմանը մեծապես աջակցել է Վեդու համայնքապետարանը։

Ընդհանուր առմամբ արդեն սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացվել են Արարատի մարզի 14 համայնքներում տեղակայված ԵԱԶ, հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող 20 հուշարձանների ու կոթողների տարածքներում: Սանմաքրման և բարեկարգման աշխատանքներն Արարատի մարզի մյուս համայնքներում կշարունակվեն նաև այսօր: