Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՀՊՄՀ թանգարանի ու Պատմության և իրավագիտության ֆակուլտետի, հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի հետ համատեղ միջոցառում է անցկացվել ՀՄՊՀ-ում։ Միջոցառման պատվավոր հյուրն է եղել ՀՀ-ում Ճապոնիայի առաջին փոխդեպսան Սասամե Կենիչիրոն:
Տոնի առթիվ կազմակերպվել է ճապոնական օրիգամի պատրաստման վարպետության դաս: Շնորհավորելով օրվա տերերին` փոխդեսպանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության, ճապոնական արվեստի նկատմամբ ցուցաբերած նմանօրինակ հետաքրքրության համար։ Սասամե Կենիչիրոն շեշտել է, որ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը կարևոր է համարում երկու երկրների միջև կրթական և մշակութային կապերի ամրապնդումը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը միանալով շնորհավորանքներին, փոքրիկներին մաղթել է անհոգ մանկություն, խաղաղ երկինք՝ շեշտելով, որ հենց այսօրվա մանուկների ձեռքերում է մեր վաղվա լուսավոր ապագան։
«Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանն էլ իր շնոհավորական խոսքում նշել է, որ մենք այն ազգերից մեկն ենք, որը անչափ սիրում և գուրգուրում է երեխաներին. այդ առումով այս տոնը չափից ավել սիրելի է մեզ համար։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ճապոնական արվեստի տեսակներից մեկի՝ օրիգամի ստեղծման պատմությանն ու զարգացմանը։ «Հիկարի» կենտրոնի երեխաների օգնությամբ ներկաները փորձել են ցուցադրել թղթի հետ աշխատելու իրենց ունակությունները՝ քառակուսի թղթերի միջոցով ստանալով հետաքրքիր պատկերներ: Ձեռնարկին միացել են նաև ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի և մայրաքաղաքի մի շարք դպրոցների սաներ։ Նրանց հաջողվել է օրն ավելի տոնական դարձնել։
Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են նաև ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի պատրաստած երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված լուսապատկերային ցուցադրությունը։