ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

2017-06-07T12:45:50+00:00 06/06/2017|Լրահոս|

Վայոց Ձորի մարզում հրեական համայնքը կազմավորվել է 13-14-րդ դարերում, երբ մարզը տնտեսական և մշակութային վերելք էր ապրում: Հրեաները երկար ժամանակ բնակվել են այնտեղ` փոխառել հայկական մշակութային ավանդույթներ, ձևավորել նաև իրենցը: Եղեգիսից ոչ հեռու գտնվող Հերմոն գյուղը հետաքրքիր զուգադիպությամբ այսօր կրում է հրեական սրբազան լեռան անունը` Հերմոն: Եղեգիս գետի ձախ ափին է գտնվում 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցը, որտեղ պահպանված են 64 տապանաքարեր:

Հայաստանում հրեական համայնքի մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր են քննարկել «Պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն ու Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրանք խոսել են «Գերեզմանոց» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման ու ցանկապատման անհրաժեշտության մասին: Տիկին Վարժապետյանը շնորհակալություն է հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հուշարձանի պահպանությունն իրականացնելու համար, ցանկություն` նորոգված տեսնել դեպի գերեզմանատուն տանող խարխլված փայտյա կամուրջը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ մշակութային ժառանգության պահպանությունը, հանրահռչակումը ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում է և կազմակերպությունն էլ մտահոգ է գերեզմանատան պահպանությանն առնչվող խնդիրներով: Նրա համոզմամբ առկա խնդիրները հնարավոր է լուծել համատեղ ջանքերով:

Հայաստան այցելած զբոսաշրջիկներից շատերը լինում են նաև Վայոց ձորում, ծանոթանում հայկական ու եղբայրական այլ ժողովուրդների մշակութային ժառանգությանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ, վերջերս բացված Երևան-Թել-Ավիվ-Երևան ուղիղ չվերթը կակտիվացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, նաև Արցախ:

«Համոզված եմ, որ Տաթևը տեսնելու ցանկություն ունեցող, նաև Արցախ ուղևվորվող օտարերկրացին անպայման կանգառ կանի Վայոց ձորում` ծանոթանալու հրեական մշակույթի մի մասնիկին»,-իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Իսկ տեսնելու բան զբոսաշրջիկները Վայոց ձորի մարզում հաստատ ունեն: Մասնավորապես Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի շենքի երկու սենյակներում ներկայում պահվում են գերեզմանոցի տարածքի պեղումներից հայտնաբերված դրամներ և այլ իրեր: Հրեական մշակույթն առավել ընդգրկուն ներկայացնելու համար տարածքն ընդլայնելու մտադրություն կա:

Արա Թարվերդյանն ու Ռիմա Վարժաապետյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև վերոնշյալ թեմային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քննարկմանը հրավիրել նաև շահագրգիռ այլ անձանց: