Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի Հնագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղար, հնագետ Ժոլտ Վագները Երևանում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում
հնագիտության ոլորտին առնչվող դասախոսություններ կարդալու համար: Հունգարացի գիտնականը համագործակցության նոր եզրեր ուրվագծելու նկատառումով հյուրընկալվել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Արմատներով հայ Ժ.Վագները և ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը քննարկել են հետագա համատեղ աշխատանքի հնարավոր ուղղությունները: Ներկայացնելով Կաթոլիկ համալսարանի գործունեությունը` Ժ. Վագներն ասել է, որ բուհը գործում է Վատիկանի հովանու ներքո, ֆինանսավորում` Հունգարիայի պետության կողմից և ավելացրել, որ անցած տարի էլ Կաթոլիկ համալսարանում հայագիտական ամբիոն է բացվել: Նա պատմել է հուշարձանների վերականգման որոլտում իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել` 3 D ձևաչափով ուսումնասիրություններ:
Արքեպիսկոպոս Պիտեր Պազմանի կողմից Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին` 1635 թ. հիմնադրված կրթօջախը ժամանակին կարևոր նշանակություն է ունեցել Եվրոպայի կրթության և կրոնական մշակույթի պահպանման գործում: Կաթոլիկ համալսարանը ներկայում ընդլայնել է գործունեությունը: Այն համագործակցում է աշխարհի տարբեր երկրների 20-ից ավելի գիտական ինստիտուտների հետ: Մասնավորապես փորձի փոխանակման ու կադրերի վերապատրաստման ծրագրեր է իրականացնում, նաև` մասնակցում հնագիտական ու մշակութային արժեքների վերականգնման աշխատանքների: Պատերազմական իրադարձությունների պատճառով պասսիվացել են հարաբերությունները սիրիացի գործընկերների հետ: Ժ.Վագները խոսել է բուհի ահռելի գիտական հնարավորությունների, լաբորատորիայի, փորձի փոխանակման նպատակով Հունգարիա ժամանած արտասահմանցի մասնագետների մասին:
«Ունենք հնագիտության ոլորտի մեթոդաբանությունն ուսումնասիրելու, պրակտիկ գործունեության հնարավորությունները ուսանելու մեծ հնարավորություններ, կրթական մի շարք ծրագրեր: Ակտիվ գործակցում ենք նաև Հունգարիայի թանգարանների հետ: Մենք երիտասարդ թիմ ենք և ազատ ենք մեր աշխատանքի մեջ», -ասել է Ժ. Վագները, հավելելով, որ Հունգարիայում ուսանում են նաև Սիրիայից, Հորդանանից, Եգիպտոսից ու Լիբանանից ժամանած երիտասարդներ:
Արա Թարվերդյանի խոսքով Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ և մենք ունենք հնագիտական ուսումնասիրությունների հսկայական տարածք, հունգարացի գործընկերները` գիտական մեծ հնարավորություններ: ՊՈԱԿ-ի տնօրենի կարծիքով այս գործակցությունը աշխարհի տարբեր երկրների հնագետների համար կարող է մեծ արժեք ներկայացնող բացահայտումներ անել:
«Մենք պատրաստ ենք համագործակցության: Վստահություն է ներշնչում այն, որ Հնագիտության ինստիտուտը Վատիկանի հովանու ներքո է գտնվում և զուտ գիտությամբ է զբաղվում: Մեր գործակցությունը բոլորի տեսադաշտում կլինի: Կարծում եմ, որ գիտական, գիտամշակութային նուրբ ու կոռեկտ կապը կարող է մեղմել քաղաքական որոշակի սառած հարաբերությունները: Իմ գոհունակությունը պետք է հայտնեմ ձեր գիտական հնարավորության վերաբերյալ և շատ կուզենայի համագործակցել այդ ոլորտում», – ասել է Ա. Թարվերդյանը:
Խոսելով Օձաբերդ հնավայրի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից այս տարի իրականացված պեղումների մասին` Ժ. Վագները առաջարկել է միջազագային ազդեցիկ ամսագրում այդ աշխատանքներին նվիրված գիտական վերլուծություն տպագրել: Ըստ նրա` մտադրություն ունեն 3 D ձևաչափով ուսումնասիրել տարածքը, մոդելավորել ու սքանավորել այն: