ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ «ՊԵՂՈՒՄՆԵՐ» ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ «ՊԵՂՈՒՄՆԵՐ» ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

«Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարանը երեկ մարդաշատ էր. հյուրընկալվել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Ջավախքի և Բուլղարիայի Սոֆիա քաղաքի «Զդրավեց» պարային խմբի սաները (6-12-րդ դասարանների աշակերտներ): Հնագիտության հանրահռչակմանն ու  դպրոցականների մոտ վաղ հասակից թանգարան հաճախելու մշակույթ սերմանելուն միտված արգելոց-թանգարանի նախաձեռնած  «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագրի մեկնարկն առիթ դարձավ այդ հետաքրքիր միջոցառման կազմակերպման համար:

«Ծրագրի միջոցով հետաքրքիր գիտելիքներ ենք փոխանցում աշակերտներին Հայաստանի բրոնզեդարյան ժամանակաշրջանի մշակույթի, էթնո քաղաքական փոխհարաբերությունների, պեղումների ու հայտնաբերված գտածոների հետագա ճակատագրի մասին», -խոսելով գիտակրթական ծրագրի մասին` ասել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը:

Որպեսզի դպրոցականներն ավելի դյուրին ընկալեն հնագիտության ոլորտի նրբությունները, արգելոց-թանգարանի վարիչը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հնամարդաբան  Հասմիկ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել են հնագետի աշխատանքը, ապա` լուսապատկերային ցուցադրությամբ բացատրել ինչ է պեղավայրը, ինչպես վարվել, եթե հնագիտական շերտ է բացվել,  հասկանալ  թաղման ծեսը և արդյոք գտնված կմախքը կին է, թե տղամարդ:

 

 

«Մեծամոր» արգելոց-թանգարանի աշխատակիցները  թանգարանի հարակից տարածքում նախապես դամբարանի վերակազմություն էին արել` ստեղծելով արհեստական պեղավայր: Գիտաօժանդակ ֆոնդի  որոշ  նյութեր թաղվել էին «պեղավայրում»  փոքրիկ «հնագետների»  մասնագիտական  աշխատանքն ավելի հետաքրքիր  դարձնելու համար:

Զրույց-դասից հետո դպրոցականներն արդեն հատուկ  գործիքների միջոցով լծվեցին հնագիտական աշխատանքների իրականացմանը:  Հետաքրքիր ու աշխույժ մթնոլորտում, զգուշությամբ բացելով հողի շերտը, նրանք տղամարդու կմախք, գոտի, ապրանջան, սափորներ, կենդանու ատամներ գտան:  Հայտնաբերված իրերն ու առարկաները դպրոցականները հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի ու վերականգնող  Տիգրան Զաքյանի օգնությամբ տեղավորեցին հատուկ տուփերի մեջ:

«Առաջին անգամն ենք հնագիտական աշխատանքների մասնակցում: Սկզբում թևը գտանք, ապարանջանը, հետո գանգի մասը բացվեց, ատամներն ու  ողնաշարը: Փորձում էինք ճշտությամբ կիրառել ստացած գիտելիքները», – ոգևորությունը չթաքցնելով ասաց ապագա արևելագետ Գոհար Սմբատյանը:

Նրա դասընկերը` Ֆելիքս Եղիազարյանը, պեղումների մասին հեռուստատեսությունից էր  լսել: Ապագա ճարտարապետին հնարավորություն  էր ընձեռվել  մի քանի ժամով «պեղումներ» իրականացնել: Գտածն էլ տպավորիչ էր`ապարանջան, մարդու մարմնի որոշ մասեր և այլն: Ջավաքխից այս օրերին Հայաստանում գտնվող 12-րդ դասարանցի Արմինե Ուրանյանն առաջին անգամ էր Մեծամորում ու տպավորված էր: Մինչ այս` պեղումների մասին Արմինեն այլ պատկերացում է ունեցել: «Ինձ թվում էր գտնում ես ու վերջ: Բայց գտնելը  հնագիտական աշխատանքի ընդամենը մի մասն է, դրանից հետո դեռ հսկայական աշխատանք է կատարվում: Ես կենդանու ոսկոր եմ գտել, մարդու գանգի մոտ էր»,- ասաց Ա. Ուրանյանը:

Կրթահամալիրի սաներից Արեգ Սայադյանն էլ փորձում էր մեր նախնիների կրած զարդերից  գտնել: Նրա համոզմամբ հայտնաբերված տղամարդու կմախքի կողքին նիզակ կար, գավազանի մաս և իրեն հետաքրքրում էր,թե արդյոք նաև զարդ էր կրել տղամարդը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբանին  ու վերականգնողին  ուղղված բազմաթիվ հարցերի միջոցով  նա նաև փորձում էր հասկանալ, թե ինչ խավի մարդիկ են եղել մեր նախնիները, ինչ են թաղել կարասների մեջ հին ժամանակներում և այլն: Թատրոնով,  հայոց  ու  համաշխարհային պատմությամբ  հետաքրքված  երիտասարդին  հայտնաբերված գտածոներից  ամենից  շատ  դուր էր եկել  գեղեցիկ նախշազարդերով փոքրիկ կարասը:

Կրթական ծրագիրը շարունակական կլինի, առաջիկայում արգելոց-թանգարանը կհյուրընկալի նաև հանրակրթական այլ դպրոցների աշակերտների: