ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՐՋԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ «ԳԱՂՏՆԻՔԸ»

ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՐՋԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ «ԳԱՂՏՆԻՔԸ»

2018-04-04T11:27:43+00:00 November 13th, 2017|Լրահոս, Հուշարձաններ|

Միջնադարյան Հայաստանի կամուրջները կառուցվում էին ամուր, երկարատև շահագործման համար (այդպիսի վառ օրինակ է Դեբեդ գետի վրա կառուցված միջնադարյան կամուրջը․ երբ 1959 թ․ գարնանը  հորդ անձրևից հետո լուրջ վնասվածքներ են ստանում Դեբեդի վրա Ալավերդիում կառուցված նոր կամուրջները, ժամանակավորապես թույլատրվում է օգտագործել միջնադարյան կամուրջը, որն ամենևին չէր տուժել. խոսքը Սանահինի հին կամրջի մասին է)։ Այդ կամուրջների հիմնական շինանյութը Հայաստանի բնական քարերն էին՝ բազալտը, տուֆը, կրաքարը և ավազաքարը, որոնք մեծ մասամբ օգտագործվում էին սրբատաշ վիճակում։

Հայ միջնադարյան կամրջաշինության նշանավոր կառույցներից է Աշտարակ քաղաքում, Քասաղ գետի վրա կառուցված կամուրջը ( պետ. ցուցիչ՝ 2.1.20)` ժողովրդի մեջ տարածված Աշտարակի հին կամուրջը։  Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության`1664 թ.-ին  կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը, որի մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև, ճակատային պատին (այժմ՝ սվաղված): Աշտարակի պատմական կամուրջը պատկանում է եռակամար կամուրջների տիպին: Կամրջի եզրապատերը աստիճանաձև են, որով առավել ընդգծվում է կամրջի ընդհանուր հորինվածքային ձևը:Կառուցված է սրբատաշ ծիրանագույն տուֆ քարից: Իր չափերով Հայաստանի մեծ կամուրջներից մեկն է, երկարությունը 76,2 մետր է, լայնությունը` 6 մետր, կամարների բացվածքները տարբեր են՝ 7,5,  9,05 և 11,4 մետր:

Իր ճարտարապետական տեխնիկայով պատմական կամրջաշինության լավագույն օրինակներից է։ Գետի աջ և ձախ ափերի տարբեր մակարդակների բարձրությամբ պայմանավորված` կամրջի թռիչքի անցումը ստացվել է թեքությամբ։ Այս կամուրջը կարևորագույն դեր է խաղացել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման ու ռազմական տեղաշարժերի ապահովման համար:

Ժողովրդական ավանդազրույցը պատմում է, որ Աշտարակի հին կամրջի հիմքը դնելիս, գետը քշել տարել է նրա քարերը: Ինչքան փորձել են նորից դնել հիմքը, գետը դարձյալ քանդել ու տարել է: Գյուղի ծերերը կամրջի վրա աշխատող վարպետներին ու բանվորներին խորհուրդ են տալիս հիմքը նոր տեղից դնել և, որպեսզի այն չքանդվի, պատաշարի մեջ կենդանի վիճկում թաղել մի որբ աղջկա: Բանվորները ման են գալիս գյուղում, հարց ու փորձ անելով գտնում են մի որբ աղջիկ, փողով առնում նրան իր խորթ մորից և շարում են կամրջի պատի մեջ: Շարելու ժամանակ աղջիկը հլու-հնազանդ ենթարկվում է բանվորների կամքին: Երբ պատը հասնում է նրա ծնկներին, աղջիկն աղիողորմ ձայնով ասում է.

“Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին.

Մինչև ծնկներս …”:

Երբ պատը հասնում է նրա կրծքին, աղջիկն ասում է.

“Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին.

Մինչև դոշս քարեցին …”:

Երբ պատը հասնում է աղջկա կոկորդին, նա ասում է.

“Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին.

Մինչև բուկս քարեցին …”:

Աղջկա ձայնն այլևս չի լսվում, և նա մնում է պատի մեջ: Դրանից հետո կամուրջը չի քանդվում և բարեհաջող հասնում է իր ավարտին:

Ըստ ավանդազրույցի, կամուրջը մինչև օրս կանգուն է այդ որբ աղջկա դառն ճակատագրի շնորհիվ:

Կամուրջը կանգուն հասել է մեր օրեր: Անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ իրականացվել են 1950-60 թթ. և 2004 թ.: