Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի Գոշավանք վանական համալիրի տարածք կատարած այցի ընթացքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանին տված հանձնարականը վերաբերում էր հատուկ եղանակով հուշարձանների պատերին, տանիքներին, գմբեթներին աճած բուսածածկը մաքրել- հեռացնելու նպատակով մարզային կառույցների միջոցով երիտասարդ կամավորների խմբեր ստեղծելուն։
Հանձնարարականի համաձայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցներն արդեն ներկայացրել են ավելորդ բուսածածկը հեռացնելու անհրաժեշտություն ունեցող հուշարրձանների (վանական համալիրենր, եկեղեցիներ, մատուռներ) ցանկը։ Ներկայում ձևավորվում են երիտասարդ կամավորների խմբերը և նոյեմբերի 24-ից կմեկնարկեն աշխատանքները։
Ստորև ներկայացնում ենք հուշարձանների պահպանությամբ մտահոգ բոլոր մարդկանց ուղղված ՊՈԱԿ-ի կոչը և հորդորում միանալ մեր կամավորների խմբերին։
Հարգելի հայրենակիցնե՛ր
Մեր նախնիների հազարամյակների ընթացքում ստեղծած հարուստ և ինքնատիպ պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու այն գալիք սերունդներին հնարավորինս անաղարտ փոխանցելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է: Վաղուց արդեն ժամանակն է, որ հաճախ շրջանառվող այս կարգախոսը զուտ գեղեցիկ խոսքերից վերածվի կոնկրետ գործողության և արդյունքի: Առավել ևս, որ Հայաստանի Հնրապետությունում պաշտոնապես գրանցված շուրջ 25000 հուշարձաններից շատերն ուշադրության, հոգածության, խնամող ձեռքի, ամրակայման և վերականգնման առաջնահերթության կարիք ունեն: Միայն պետական միջոցներով, ինչպես նաև միայն ոլորտի պատասխանատուների ուժերով այդ ամենը կարճ ժամանակում իրականացնելն անիրատեսական է:
Ուստի` ժամանակն է համախմբելու բոլոր նրանց ուժերը, կորովն ու ձգտումները, ովքեր իրոք պատրաստ են իրենց լուման ներդնելու այդ իսկապես սրբազան գործի իրականացմանը: Իհարկե, ամեն ինչ հնարավոր չէ անել մեկ օրում և միանգամից: Դրա համար պետք է լավ մտածված ծրագիր և գործողությունների փուլային, հետևողական իրականացում:
Այս առումով ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կոչ է անում բոլոր գերատեսչություններին, հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին և սրտացավ մարդկանց, որպես ծրագրի առաջին փուլ, միավորել ուժերն իրականացնելու առաջնահերթ կարիք ունեցող Հայաստանի պատմամշակութային ու պատմաճարտարապետական հուշարձանների մի մասի տանիքների ու պատերի ավելորդ բուսականությունից մաքրման աշխատանքները:
Հուշարձանների ցուցակը և իրականացվելիք փուլային աշխատանքների ժամանակացույցին շուտով կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ [email protected] : Ի գո´րծ:
Մեր կազմակերպության և մաքրման աշխատանքների կազմակերպիչների հետ կարող եք կապվել 010 58 74 25 հեռախոսահամարով: