ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ

ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ

2017-12-06T14:08:34+00:00 05/12/2017|Լրահոս|

Հայկական ընտանիքում գորգը տարիներ շարունակ եղել է որպես տան արժեքավոր զարդարանք։  Ավանդույթի համաձայն հաճախ նորապսակներին գորգեր են նվիրել, տոներին պատշգամբները զարդարել են գորգերով: Հնում գորգագործ աջիկները համարվել են լավագույն հարսնացուները, ինչը պատիվ է բերել տվյալ ընտանիքին: Բազմաթիվ են դեպքերը, երբ հայկական գորգերը տարբեր առիթներով նվիրվել են թագավորների,  օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարների ու պատվարժան հյուրերի: Վերջին տասնամյակում կրկին մեծացել է գորգարվեստի նկատմամբ պետական մակարդակով ուշադրությունը, ավելացել է նաև գորգագործությամբ հետաքրքրվողների թիվը։

Ով գոնե մեկ անգամ եղել է չնաշխարհիկ ու հեքիաթային Արցախ աշխարհում, անշուշտ այցելել է Շուշիի արվեստի կենտրոն, որը հիմնադրվել է  2012 թ. Մոսկվայում բնակվող հայ  բարերար Կարո Սարգսյանի ջանքերով: Թանգարանի  շենքի առաջին հարկը 2013թ. օգոստոսին անհատույց հատկացվել է արցախյան գորգերի և կենցաղային հին իրերի պահպանմանն ու ցուցադրմանը։

2013 թվականին Շուշիի արվեստի կենտրոնում մեծ հանդիսությամբ բացվել է գորգերի թանգարանը, որտեղ ներկայացված են 17-20-րդ դարերին ստեղծված մոտ 300 ձեռագործ գորգեր, դրանք արցախյան գորգագործության լավագույն ավանդույթների վկաներն են: Գորգարվեստի թանգարանը հիմնելու նպատակը եղել է  փրկել արցախյան ավանդական գորգը մոռացությունից, ինչպես նաև հարևան Ադրբեջանի  յուրացումից։

Շուշիի գորգերի թանգարանի ստեղծման նախաձեռնության հեղինակ, բարերար Վարդան Ասծատրյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայարցել, թե ինչպես է մտահղացել արցախյան գորգերի թանգարան ստեղծելու գաղափարը և ինչպես է մեկտեղվել մոտ 300 գորգը։

«Դեռ մանկուց մեր տանը միշտ գորգեր եմ տեսել: Երիտասարդ տարիներից սկսել եմ հետաքրքրվել գորգերի ստեղծման պատմությամբ ու տարբեր հասցեատերերից հավաքել դրանք։ Մշտապես տատիցս, պապիցս ու ծնողներիցս լսել եմ բազմաթիվ պատմություններ, թե ինչպես էին թուրքերը հայկական գյուղերից հավաքում հին հայկական գորգերը, դրանք փոխանակում նորերով կամ այլ ապրանքով։  Ականատես եմ եղել, թե շատերն ինչպես էին թաքցնում իրենց տների հին գորգերը, իսկ որոշ մարդիկ էլ պարզապես կուլ էին տալիս նոր ապրանք ունենալու թուրքերի խայծը։ Այդպիսով` թուրքերը նպատակադրված ուզում էին ոչնչացնել գորգարվեստում հայկական ձեռագիրը՝ իրականացնելով հայերի հանդեպ պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այս թանգարանում է ցուցադրվում է նաև տատիս գործած գորգը՝ մեղուներով, փեթակներով․․․»,- պատմել է Վարդան Ասծատրյանը:

Մշակույթի  հանդեպ սերն ու նվիրումը մշտապես ուղեկցել է Վարդան Ասծատրյանին: Ի վերջո նա սկսել է խորությամբ ուսումնասիրել հայկական  մշակույթը, կերպարվեստի տարբեր ճյուղեր և ստեղծել է անձնական հրաշալի հավաքածու: Նա աշխարհի տարբեր երկրներից` Ավստրիա, Շվեյցարիա, Ստամբուլ, Գերմանիա,  գտել ու գնել է մի քանի հարյուր գորգ: Արցախի հայտնի գորգագործների հին գորգերը գտել ու մեկտեղել է նաև Հայաստանի ու Արցախի տարբեր գյուղերից: Այսօր դրանք ցուցադրվում են Շուշիի գորգերի թանգարանում։ Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն:  Հավաքածուից վերականգնվել են առավել վնասված գորգերը։

Շուշիի գորգերի թանգարանը Արցախի գորգագործության հարուստ ավանդույթների մասին վկայող անգնահատելի հաստատություն է, որը նաև հրաշալի հնարավորություն է Արցախի հայտնի գորգագործությունն ուսումնասիրելու ու միաժամանակ այն վերածելու գորգարվեստի զարգացման կենտրոնի։