Հայկական մշակութային ժառանգությունը մեր ազգային ինքնության յուրօրինակ անձնագիրն է, պահպանությունը` յուրաքանչյուրի պատասխանատվությունը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի hushardzan.am կայքէջի և Armenian Monuments ՖԲ էջի միջոցով հանրահռչակում ենք նաև Արցախի Հանրապետության պատմամշակութային ժառանգությունը, անդրադառնում դրա պահպանությանը, իրականացվող պեղումներին, առկա խնդիրներին:
Մեր զրուցակիցը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն է: Թեման` հայկական երկու պետությունների մշակույթի նախարարների միջև վերջերս կնքված ու գործակցության զարգացմանը միտված հուշագիրն է:
– Պարոն Շահվերդյան օրերս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մշակույթի նախարարները պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Կխնդրեմ մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ է նախատեսում հուշագիրը, ո՞ր ոլորտներին է տրվելու առաջնահերթությունը:
– Պարոն Ամիրյանի այցը երկուստեք գնահատում ենք արդյունավետ, քանի որ երկու օրվա ընթացքում հասցրել ենք քննարկել հարցերի բավականին լայն շրջանակ. հայկական երկու հանրապետությունների գերատեսչությունների համագործակցությունից մինչև մշակութային քաղաքականության ուղղություններ: Ինչ վերաբերում է հուշագրի ստորագրմանը, ապա ինչպես գիտեք, մենք ելնում ենք այն իրողությունից, որ «Արցախի մշակույթ» կամ «մշակութային ժառանգություն» եզրույթը զուտ աշխարհագրական բնութագրություն է, հուշագիրը հենց հայկական մշակութային ժառանգության կամ արժեքների պահպանությանն է վերաբերում: Հիմնական ուղղությունները վերաբերում էին հուշարձանների պահպանության բնագավառում գերատեսչությունների համագործակցությանը՝ փորձի փոխանակման, մասնագիտական գրականության հրատարակման, ցուցահանդեսների կազմակերպման, հուշարձանների ամրակայման ու վերականգնման և այլ ասպարեզներում: Մոտ ժամանակներս նախատեսվում է նաև հուշագրից բխող համագործակցության ծրագրի մշակում և կնքում, որն արդեն ավելի կոնկրետ աշխատանքներ է ենթադրելու:
– Պարոն նախարար մշակութային ժառանգության անխաթար պահպանությունը բոլորիս պարտականությունն է: 2018 թ. քանի՞ հուշարձանի վերականգնում է նախատեսված:
–Այս պահին թվերով դժվար է ասել, քանի որ բացի ծրագրերով նախատեսված աշխատանքներից, նաև փորձում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել համայնքներում տեղական նշանակություն ունեցող հուշարձանների վերականգնմանը՝ ըստ համապատասխան հայտերի: Պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել վերականգնման աշխատանքներ Ասկերանի բերդի և Գտչավանքի տարածքներում, իսկ մասնավոր ֆինանսական նվիրատվությամբ՝ Շուշիի Վերին Մզկիթի և Դադիվանքի տարածքներում:
– Նախորդ տարի լուրջ աշխատանք իրականացվեց մի քանի հնավայրի տարածքում, ինչպիսի՞ն կլինի աշխատանքների ծավալն այս տարի:
– 2018 թվականին ևս պլանավորում ենք լայնածավալ ուսումնասիրման աշխատանքներ իրականացնել, հատկապես հուշարձանների պեղման բնագավառում: Շարունակվելու են պեղումները Տիգրանակերտի հնավայրում, Նոր Կարմիրավանում, Քարին տակ գյուղի Ալեքսանա Ղուզե քարանձավում: Բացի այդ` տարվա ընթացքում հնագիտական պեղումներ են իրականացվելու նաև տարբեր աշխատանքների արդյունքում հայտնաբերված և հրատապ պեղման կարիք ունեցող հուշարձանների տարածքներում:
– Արդյոք նախատեսվու՞մ է գործակցության զարգացում վերականգնման ոլորտում, ասենք` գտածոների վերականգնում նաև Երևանում:
– Գտածոների վերականգնման ասպարեզում համագործակցության ձևաչափ արդեն իսկ ձևավորված է ՀՀ մշակույթի նախարարության հետ: Համագործակցությունը վերաբերում է թե՛ Երևանում գտածոների վերականգնմանը, թե՛ մեր մասնագետների վերապատրաստմանը: Առաջիկայում կշարունակենք ակտիվ համագործակցությունը նաև այդ ուղղությամբ:
– Կուզենայի անդրադառնալ մեկ այլ կարևոր հարցի` հուշարձանների պահպանական գոտիներին: Ինչպիսի՞ն է այդ առումով խնդիրն Արցախում և ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ:
– Մինչ այժմ Արցախում կազմվել է ավելի քան 700 պահպանական գոտի պատմամշակութային հուշարձանների տարածքներում: Գործընթացը շարունակական բնույթ է կրում, սակայն, ցավոք, պետք է արձանագրենք, որ 2018 թվականին ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով գործընթացը ժամանակավորապես դադարեցրել ենք: Ներկա դրությամբ բանակցում ենք եվրոպական մի հիմնադրամի հետ՝ հենց այդ ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: