«Գառնի» հեթանոսական տաճարի, Սուրբ Սիոն եկեղեցու, արքունական բաղնիքի, պալատական շինությունների ու արգելոց-թանգարանի տարածքում գտնվող մյուս հուշարձանախմբերի պատմությանը այցելուներն այսուհետ կարող են ծանոթանալ նաև թվով 10-ը աուդիոգիդերի օգնությամբ:
«Բարև Ձեզ, դուք գտնվում եք «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում», -ողջունելով այցելուներին աուդիոգիդը «ուղղորդում» է նաև թանգարանի տարածքում տեղաշարժվելու, հետաքրքիր ու տպավորիչ բացատրություն լսելու հարցում։ Մարտի 19-ից ներդրված նորամուծությունը արդեն դրական արձագանք ունի: Մեր մշակութային ժառանգության գոհարներից մեկը աուդիոգիդի միջոցով զբոսաշրջիկներին առայժմ ներկայացվում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով: Ծառայությունը առաջիկայում կներդվի նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մյուս մասնաճյուղ արգելոց-թանգարաններում:
Այսպես օրինակ սեղմելով համապատասխան սարքի թիվ 2 ստեղնաշարը այցելուն կարող է տեղեկատվություն ստանալ արգելոց-թանգարանի, թիվ 3 ստեղնաշարը` տաճարի, թիվ 4-ը` պալատական շինությունների, թիվ 5-ը` արքունական բաղնիքի և թիվ 6-ը` Ս. Սիոն եկեղեցու մասին: 20 րոպե տևողությամբ հետաքրքիր բացատրությունը այցելուներին մտովի տեղափոխում է մեր պատմության ակունքները:
Տարեկան 350. 000-ից ավելի այցելու ունեցող «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում սա միակ նորամուծությունը չէ: Սալիկապատվել է արգելոց-թանգարանի մուտքից դեպի տաճար տանող ճեմուղին: Այցելությունը հարմարավետ է դարձել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, տեղադրվել են նոր նստարաններ: