ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն  Արա Թարվերդյանը,  տնօրենի` գիտական  աշխատանքների  գծով  տեղակալ  Կարեն  Փահլևանյանը  աշխատանքային խորհրդակցություն  են  անցկացրել  Սյունիքի  մարզային  ծառայության ու  «Զորաց  քարեր»  բնակատեղի» պատմամշակութային  արգելոցի  աշխատակիցների  հետ:

Օգոստոսի  սկզբից  ՊՈԱԿ-ի  գիտնական քարտուղար,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ  Փիլիպոսյանի ղեկավարած հնագիտական  արշավախումը  պեղումներ  է  իրականացրել  «Զորաց  քարեր»-ում: Մինչ  խորհրդակցությունը  սկսելը  ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արշավախմբի ղեկավարի տեղակալ  Կարեն Փահլևանյանի  ու պատմամշակութային արգելոցի վարիչ  Աշոտ  Ավագյանի ուղեկցությամբ  Արա Թարվերդյանը  շրջել է հուշարձանի տարածքում` ծանոթացել  իրականացված  աշխատանքներին:

Մարզային  խորհրդակցության նպատակը  նախ  և  առաջ  տեղում խնդիրներին  ծանոթանալն  էր,  ապա  դրանց  լուծման  արդյունավետ ուղիները  միասին  քննարկելը:  ՊՈԱԿ-ի տնօրենը  նախ աշխատակազմին է ներկայացրել  արգելոցի վարիչի  նորանշանակ  տեղակալ  Արամ  Եղյանին` մաղթելով  նրան  հաջողություններ պատասխանատու  աշխատանքում:

«Քեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրվում,  չլինի  սրանից հետո  գան  ու  ասեն, որ տուրիստը  բարձրացել  է  հուշարձանի վրա: Պետք է  ծանոթանաս  բոլոր  ենթահուշարձաններին,  պահպանության հետ կապված ամենաշատը քեզանից եմ պահանջելու: Հետևաբար եթե մի քար վնասվի դու պետք է պատասխան տաս», -դիմելով  Ա. Եղյանին ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, հավելելով, որ պետք է պահապանների  հետ մշտական աշխատանք  իրականացնել:

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենի  խոսքով  «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց  զբոսաշրջիկների  հոսքը  մեծ  է, այցելուների թվաքանակով քիչ է զիջում Գառնին, հետևաբար` հուշարձանի  պահպանության  նկատմամբ  պետք  է  ավելի մեծ ուշադրություն սահմանել:

Հաշվի առնելով  նաև  հասարակական  հնչեղությունը պատմամշակութային  ժառանգության  ու  մասնավորապես «Զորաց քարերի»  պահպանության նկատմամբ,  կազմակերպությունը աշխատանքի նոր մոտեցում է որդեգել` ընդլայնվել են մարզային ծառայությունների լիազորությունները:

Ա. Թարվերդյանը  հանձնարարել  է  մարզային  ծառայության պատասխանատուին,  ում  կցված  է  պահպանական  գոտու  տարածքն ընդգրկող  հուշարձանը,  հաճախ  լինել  «Զորաց քարեր»-ում  և  վերահսկողություն  իրականացնել  միայն  հուշարձանի  պահպանության  մասով,  քանի  որ  աշխատանքի  այդ  ձևաչափից  կշահի  միայն  հուշարձանը:

«Եթե մենք չենք սկսում պահպանության  ծառայությունը իրականացնել նորմալ, ապա  մտքներիցդ հանեք, որ տոմսային տնտեսությունը կարդարացնի: Հասարակությունը չի ընդունի: Մենք պետք է արդյունք ցույց  տանք, որ արդարացվի տոմսային տնտեսությունը: Հուշարձանը պետք է լինի  անխոցելի պահպանված», – ասել է Թարվերդյանը  հավելելով,  որ  դրանից  հետո  միայն  կարելի է խոսել  ենթակառուցվածքների  զարգացման` ցուցանակների, ջրամատակարարման, տոմսային  տնտեսության և այլնի մասին:

Մարզային ծառայության և արգելոց-թանգարանի աշխատակիցները  իրավախախտումներին ու  ընթացիկ  խնդիրներին պետք է արձագանքեն անպահաղ,  իրավախախտումների  դեպքում` օպերատիվ  ահազանգեն  ՊՈԱԿ,  նաև` իրավապահներին: Ա. Թարվերդյանի հաջորդ հանձնարարկանն էր:

Կազմակերպության  ղեկավարն անդրադարձել  է  ՖԲ  սոցիալական  ցանցում  վերջերս  հայտնված լուսանկարների  մասին, որտեղ ներկված  էին  հուշարձանի քարերից  մի  քանիսը:  Նրա  խոսքով  իրավախախտումը արվել էր ամիսներ առաջ ու  ներկը մաքրվել էր արգելոցի  ու  մ/ծ աշխատակիցներ կողմից, սակայն  աշխատանքի  թերացման  համար  պատասխանատուներին  նկատողություն  է  հայտարարել:

Խոսելով  հուշարձանի տարածքում  ֆիլմի  տեսանակարահում իրականացնելու մասին, նա ասել է, որ համապատասխան պայմանագիրը պետք է կնքվի ՊՈԱԿ-ում: Եթե պայմանագրում նշվածից բացի, այլ  բան է նկարահանվում, ապա  համարեք  դա նույնն է` ինչ քարի վրա պատկերներ նկարեն:

ՊՈԱԿ-ի տնօրենն անդրադարձել  է  նաև զբոսաշրջային վայրում ենթակառուցվածքների  զարգացմանն  ու  տոմսային տնտեսության անցնելուն:  Նրա խոսքով  առաջիկայում ամեն ինչ կարվի աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու համար: Մասնավորապես արգելոցի տարածքում  կտեղադրվի  շարժական /մետաղական կոնստրուկցիայով հավաքված/ տաղավար, որը կունենա  աշխատասենյակ, սանհանգույց:

Խորհրդակցության  ավարտին  ՊՈԱԿ-ի  ղեկավարությունը  եղել է Սիսիան  քաղաքի  մասնավոր  ձեռնարկություններից  մեկի տարածքում` տեղում  ծանոթացել տաղավարների  մի  քանի  տարբերակների: