ԻՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ․ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ԳՈՒՐՈՍԻ ԱԼԲՈՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

ԻՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ․ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ԳՈՒՐՈՍԻ ԱԼԲՈՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

2018-12-18T15:28:10+00:00 November 15th, 2018|Սյունիք, Լրահոս|

ՀԽՍՀ  վաստակավոր  նկարիչ  Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) Սյունիքին նվիրված լուսանկարների  ալբոմի պատրաստման  վրա  աշխատող ստեղծագործական խմբի անդամները այս օրերին Սյունիքի մարզում են և արդեն հասցրել են լինել մի շարք գյուղերում, որտեղ ժամանակին Գուրոսը ստեղծել է իր լուսանկարները։

Գուրոսի  անձնական  արխիվի  զգալի  մասը  1988 թ. պահվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում:  Դրանց  թվում` Գորիս քաղաքի, հուշարձանների, գորիսեցիների առօրյան  ներկայացնող լուսանկարներ են և այլն:

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանը և լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանը արդեն շրջել են Տեղ, Խոտ, Շինուհայր, Քարահունջ, Վաղատուր, Տաթև գյուղերում և արձանագրել, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխության են ենթարկվել այդ բնակավայրերը։

Գուրոսի լուսանկարներում  մեծ տեղ են գրավում կասկադային ճարտարապետություն ունեցող գյուղերը, որոնք 1960-ական թվականներից գրեթե ամբողջովին դատարկվել են։ Գուրոսի ալբոմի ստեղծագործական խմբի անդամները ոչ միայն լուսանկարում են այդ բնակավայրերն ու հուշարձանները, որոնք ժամանակին հայտնվել են Գուրոսի տեսախցիկում, և փաստում դրանց փոփոխությունները, այլև զրույցների, շփումների միջոցով փորձում են տեղացիներից, համայնքապետերից տեղեկանալ, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել այդ  տարածքների հին բնակավայրերն ու հուշարձանները։ Ի դեպ հենց տեղացիներն են հիմնականում օգնում գտնել Գուրոսի ֆոտոակնթարթներում վավերագրված այս կամ այն կադրի ճիշտ վայրը ու մեծ ոգևորությամբ աջակցում ստեղծագործական խմբի աշխատանքներին։

«Նրանց հետ զրույցներից էլ պարզ է դառնում, որ այդ գյուղերի դատարկվելու հիմնական պատճառը 1960-ականներին խորհրդային իշխանության քաղաքաշինության ոլորտում վարած այն քաղաքականությունն էր, երբ բոլոր հին, ավանդական տիպի քաղաքների ու գյուղերի  փոխարեն  արդյունաբերական և տնտեսական քաղաքներ էին կառուցվում՝ հարթ  ու  պարզ  հատակագծերով։ Խորհրդային Հայաստանի զարգացմանը զուգահեռ  նոր տիպի բնակավայրերի առաջացումը, փաստորեն,  փակում էր հայկական ճարտարապետության պատմության մի կարևոր էջ։ Նախկինում բնակավայրերը կառուցվել են անմատչելի վայրերում, ժայռերի վրա, ինչը պաշտպանական նշանակություն է ունեցել, դրանով բնակիչները պաշտպանվել են թշնամու ասպատակություններից, քոչվոր ցեղերի հարձակումներից։ Մինչդեռ Խորհրդային իշխանությունը վստահ էր, որ այլևս այդ խնդիրը չկար, չէ որ հսկա Խորհրդային պետության բոլոր ժողովուրդները բարեկամներ էին և քաղաքաշինությունն էլ ըստ այդմ էր առաջնորդվում։ Քանի որ ճարտարապետությունից խոսք գնաց, նշեմ մեկ այլ օրինակ․  Տաթևի վանական համալիրում, լուսանկարներ անելուց զատ, հայր Միքայելի հետ զրույցում քննարկում էինք Տաթևի նախկին և ներկայիս ճարտարապետությունը, նա նշեց, որ այսօրվա համալիրի ճարտարապետական տեսքը բավականին փոփոխված է, ըստ նրա՝ հատկապես երկհարկանի զանգակատունը սխալ ճարտարապետության արդյունք է եղել, որի պատճառով փլվել է ու վնասել եկեղեցու գմբեթը։ Իհարկե Գուրոսի ֆոտոխցիկը վավերագրել է համալիրը և՛ քանդված վիճակում և արդեն հետագա վերանորոգած կադրերը» ,- ասում է ազգագրագետ Խորեն Գրիգորյանը։

Լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանը ևս, Գուրոսի հետքերով, փորձում է նույն կետից լուսանկարել արդեն այսօրվա Տաթևի վանական համալիրը։

Խորեն Գրիգորյանը մեկ այլ հետաքրքիր փաստ նշեց, երբ մարդիկ հեռացել են իրենց բնակավայրերից,  ստիպված են եղել որպես նոր բնակատեղիի շինանյութ օգտագործել իրենց ավանդական տների շինանյութը․ անգամ դուռն ու լուսամուտն են լեռների ծերպերից բերել նոր բնակավայր։

«Օրինակներ ունենք, որ այս հին լուսամուտը կամ դուռը մինչև այսօր պահում են բնակիչները, չեն նետել կամ որպես վառելանյութ չեն օգտագործել, սա յուրատեսակ հիշողություն է նախկին բնակավայրից»,- նշում է Խորեն Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ այսօրվա բնակիչները չեն մոռանում էլ հին բնակավայրում՝ «տվերի շեն»-ում թողած են իրենց պապերի գերեզմանները։

«Տեսե՛ք, Գուրոսի հետքերով ենք հասել Սյունիքի այս գողտրիկ անկյունները, բայց Գուրոսի կատարած լուսանկարների միջոցով անցնող մի ամբողջ հարյուրամյակի պատմություն ենք փորձում վերականգնել, այսինքն լուսանկարներն այսօր իրենց վավերագրի դերը լավ կատարում են»,- ավելացնում է Խորեն Գրիգորյանը։

Ի դեպ  հուշարձանների պահպանության տեսանկյունից  շատ կարևոր է, որ այդ բնակավայրերի այսօրվա բնակիչների՝ իրենց բնակատեղիների հիշողությանը կառչած լինելու շնորհիվ մենք ունենք ավելի պահպանված ավանդական հայկական ճարտարապետություն։