«ՋՈՒՂԱ» ԱԼԲՈՄԸ ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«ՋՈՒՂԱ» ԱԼԲՈՄԸ ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

2019-05-13T16:14:54+00:00 29/04/2019|Լրահոս|

««Ջուղա»  հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության դեմ մեր բողոքի ձայնն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած ալբոմում ներառված են կազմակերպության ֆոնդերում պահվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական  տեղեկություններ», – «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կայացած շնորհանդեսի ժամանակ ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

SONY DSC

Նրա խոսքով խմբագրակազմի մեծ նվիրումի շնորհիվ հրատարակված ալբոմը թույլ է տալիս ծանոթանալ ամբողջ փաստագրական նյութերին, իսկ խտասկավառակը՝ տեսնել  ողջ  բարբարոսությունը:

Նշենք, որ ալբոմին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին  պատմող`«21-րդ դարի վանդալները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ վավերագրական ֆիլմի խտասկավառակը:

Ալբոմի համահեղինակներից Աշոտ Մովսեսյանը Արամ Վրույրի լուսանկարներին առնչվել է աշխատանքի ընթացքում: ՊՈԱԿ-ի լուսանկարիչը որոշել է՝ դրանք պետք է հանրահռչակել:

«Իմ երեխաները, թոռները պետք է ծանոթ լինեն մեր ժառանգության այս հատվածին, իմանան` թե ինչպես են դրանք ոչնչացվել», – ասել է Ա. Մովսեսյանը:

Ալբոմի համահեղինակ Արշակ Բանուչյանի խոսքով իսկզբանե Ա. Մովսեսյանի մտահղացումը եղել էր Անի-Ջուղա:

«Աշխարհին պետք է ցույց տալ, թե ինչ սպանդի է ենթարկվում հայկական ժառանգությունը Թուրքիայում, Ադրբեջանում: Ջուղայի մշակութային ցեղասպանությունից ընդամենը 25 խաչքար է փրկվել, դրանց մի մասը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», – իր խոսքում ասել է Արշակ Բանուչյանը:

Շնորհանդեսի ավարտին՝ ժողովածուի առաջին օրինակները ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը հանձնել է  խմբագրական աշխատակազմին, ապա նաև՝ հյուրերին: