ԱՐՄԱՎԻՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ «ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ԱՐՄԱՎԻՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ «ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

2019-07-29T11:41:04+00:00 28/06/2019|Արմավիր, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Արմավիրի մարզային գրադարանի նախաձեռնությամբ  բացվել  է  «Հին ու նոր Երևան»  խորագիրը կրող ցուցահանդեսը:

ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված 65 ցուցավահանակների վրա մայրաքաղաքի տարբեր ժամանակաշրջանի լուսանկարներ են, որոնք հնարավորություն են տալիս այցելուին հաղորդակցվելու  19-րդ դարավերջի Երևանի կենցաղի, շինությունների, անցուդարձի հետ: Երևանի մեկ դարյա դիմագիծը ներկայացնող ցուցավահանակների վրա Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Ռոսիա» կինոթատրոնի շենքներն են, նաև՝ երևանցուն հարազատ ու հայտնի Կուկուռուզնիկը:

Ներկայացված լուսանկարների թվում նաև մայրաքաղաքի հին փողոցներն էին, որոնց այդ ժամանակվա անվանումները արդեն քչերն են հիշում՝ Աստաֆյան, Բեզիմյաննայա / Աղայան/, Դոկտորսկայա /Թումանյան/, Տարխանովսկայա /Պուշկինի/, Ցարական /Սպանդարյան/ , Բեյբուտովսկայա / հետագայում ` Սվերդլով/, Նազասրովսկայա /Ամիրյան/, Գուբերնսկայա /Ալավերդյան, ներկայումս Հանրապետության/:

Ցուցահանդեսին մասնակցում էին Արմավիրի մարզային գրադարանի ընթերցողները, աշխատակիցները և « Համալսարանական կրթություն» հասարակական կազմակերպության անդամներն էին, ովքեր մտովի տեղափոխվել էին հին Երևան: