ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ՝ «ԲՋՆԻ ԱՄՐՈՑ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ՝ «ԲՋՆԻ ԱՄՐՈՑ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

2019-11-01T16:18:26+00:00 31/10/2019|Լրահոս|

«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում այս պահին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով,  քառալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվում։

Դեպի ամրոց տանող ճանապարհին ևս տեղադրվել են ուղեցույց  վահանակներ, որոնք  կօգնեն այցելուներին ճիշտ կողմնորոշվել  հուշարձանի տարածք հասնելու  համար։

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում և արգելոցներում ենթակառուցվածնքերի զարգացմանը միտված աշխատանքները լայն թափով իրականացվում են։ Այդ համատեքստում, արդեն հաջորդ տարի «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը ևս կանցնի տոմսային տնտեսության։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով գալիք տարի նախանշվում է ասֆալտապատել  դեպի  ամրոց տանող ճանապարհը։

 

Հ․Գ․ Բջնի հնավայրը գտնվում է  Հրազդանից  13 կմ հարավարևմուտք` համանուն գյուղի մերձակա հրվանդանների վրա, Հրազդան գետի երկու ափերին: Գյուղի արևելյան կողմում է գտնվում Բջնիի միջնադարյան ամրոցը, որը բաժանված է երկու հատվածի։ Բջնիում հնագիտական առաջին պեղումներն իրականացվել են 1928 թ.։ Մեկ տարի անց Բջնիում գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր:  Նույն հրվանդանի վրա է գտնվում նաև ընդարձակ կիկլոպյան ամրոցը, որի տարածքում մշակութային հետքերը վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև անտիկ դարաշրջանը։

1977-1978 թթ.  պեղումների արդյունքում բացվել են խաչաձև հատակագծով, կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը  (IX-X դդ.),  ջրամբարը, գաղտնուղին, երկու դահլիճներից բաղկացած թաղակապ պալատական շենքը` սեղանատնով հանդերձ, վաղմիջնադարյան եկեղեցու աշխարհիկ և պաշտամունքային շինությունների մանրամասեր, բազմաթիվ փոքր և դեռևս չպեղված ու մակերևույթին տեսանելի սենյակներ, բնակելի տներ: 2002-2007 թթ. պեղումների արդյունքում միջնադարյան ամրոցի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. I դ. բնորոշ սև լաքապատ խեցեղենի բեկորներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ միջնադարյան ամրոցի տարածքը բնակեցված էր առնվազն անտիկ շրջանում: 2007-2008 թթ. վերականգնվել են ամրոցի պարիսպները, աշխարհիկ շինության և կից կառույցի, եկեղեցիների հիմքերը,  ամրակայվել են ջրամբարն ու գետնուղու սկիզբը: