Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից պեղումներ են իրականացվում։ Հայ-լեհական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ հնավայրի դամբարանում իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։ Մոտ 0,8 մետր խորության վրա, խցի կենտրոնում, հայտնաբերվել են երկաթի դարաշրջանով թվագրվող իջեցուք թաղման հետ որպես դամբարանախցի շինանյութ օգտագործված, տուֆե ֆալլոսի և կանացիակերպ կուռքի՝ կնոջ մարմնի վերին մասերի արձաններ։
Հայտնաբերված արձանների մերձակայքում գտնվել են նաև մարդկային ոսկորների մնացորդներ, սարդիոնից ու շաղախից ուլունքներ։ Բացառված չէ, որ կուռքը և քարե ֆալլոսը հիմնական թաղման ծեսի մի մասն են՝ մնացածը «կբացվի» առաջիկայում, քանի որ պեղումները հնավայրի տարածքում շարունակվում են։