ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՏԱԼՈԳ

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՏԱԼՈԳ

«Հայաստանի մոռացված պատմամշակութային ժառանգությանը նոր կյանք» ծրագրի շրջանակում, որը միտված է  Հայաստանի թանգարանների պատմամշակութային արժեքների «վերակենդանացմանը», «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ամիսներ առաջ այցելել են Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերի  թանգարաններ։

Չնայած հարուստ հավաքածուների առկայությանը, մարզերի թանգարաններում չկան  վերականգնման լաբորատորիաներ և մշակութային արժեքները մնում են թանգարանների ֆոնդապահոցներում, իսկ մշտական և ժամանակավոր ցուցադրություններում երբեմն ներկայացվում են ոչ պատշաճ։

ՊՈԱԿ-ի աշխատակիցներ՝ Տիգրան Զաքյանը, Աստղիկ Սիմոնյանը և Ներսես Մամիկոնյանը Եղեգնաձորի, Գեղարքունիքի, Լոռի-Փամբակի երկրագիտական, Իջևանի պատմաերկրագիտական և էջմիածնի պատմաազգագրական թանգարանների մշտական ցուցադրություններից ու պահոցներից 15-ական միավոր հնագիտական առարկաներ էին տեղափոխել ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա։ Տևական ու բարդ աշխատանքի արդյունքում հնագիտական առարկաները՝ թասեր, սափորներ, քրեղան,ապարանջան, կճուճ և այլն  վերականգնվել ու վերադարձվել են թանգարաններ։

Նախորդ տարեվերջին սկսված ծրագիրն արդեն ավարտվել է։Աշխատանքի արդյունքում հրատարակվել է նաև հնագիտական առարկաների կատալոգ՝ նախատեսված հնագետների, թանգարանագետների, մշակութաբանների արվեստաբանների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների համար։

Հրատարակված կատալոգների օրինակները կտրամադրվեն թանգարաններին, մարզային գրադարաններին, գիտական հաստատություններին: