ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԲՆՕՐՐԱՆ» Հ/Կ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԲՆՕՐՐԱՆ» Հ/Կ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

2020-02-10T16:18:49+00:00 05/02/2020|Լրահոս|

«Բնօրրան» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ` Հռիփսիմե Հարությունյանը և Աշոտ Ասլանյանն այսօր հյուրընկալվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։

Կազմակերպության ղեկավար Արա Թարվերդյանի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև՝ ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, քննարկվել են ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող արգելոց-թանգարանների զարգացման հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր։

«Բնօրրան» Հ/Կ-ի ներկայացուցիչներն իրենց տեսակետն են հայտնել հուշարձանների տարածքներում զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ  պայմաններ ստեղծելու վերաբերյալ։

«Բնօրրան» Հ/Կ-ի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործակցության հիմքը դրվել է նախորդ տարեվերջին՝ մամուլում «Զորաց քարեր» հնավայրի վերաբերյալ տեղ գտած հրապարակումներից հետո։ «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամները բարձրաձայնել էին հուշարձանի տարածքից «մոտ 35 մենհիրների անհետացման» մասին։

«Բնօրրան» ՀԿ-ն և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը (2 դեկտեմբերի 2019 թ․) գործակցության ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ են ստորագրել, որով պարտավորվել են գործուն մասնակցություն ունենալ նշված հարցի պարզաբանման, ուսումնասիրման, փաստերն ու եզրակացությունները հանրությանը ներկայացնելու ուղղությամբ։

Անկողմնակալ, թափանցիկ, օբյեկտիվ աշխատանք կազմակերպելու նպատակով կողմերը որոշել էին նաև անկախ և ներկայացուցչական հանձնաժողով ձևավորել: «Բնօրրան» ՀԿ խորհրդի անդամ Հռիփսիմե Հարությունյանը տեղեկացրել է, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս. թ. փետրվարի 20-ը։ Հուշարձանի տարածք այցելությունն էլ հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Հնավայրի տարածքում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը իր հերթին առաջարկել է ձևավորել հանրային խումբ, որը հնագետների հետ կաշխատի հուշարձանի տարածքում։

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և Հ/Կ ներկայացուցիչները  քննարկել են նաև «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցին առնչվող աշխատանքային այլ հարցեր։