14-17 դարերի չինական ըմպանակներ` հայտնաբերված Գնդեվանքում

14-17 դարերի չինական ըմպանակներ` հայտնաբերված Գնդեվանքում

2021-12-10T13:07:58+00:00 30/11/2021|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է ներկայացնել հնագիտության ֆոնդի նմուշները։ Այս անգամ կխոսենք Մին հարստության այս ճենապակե ըմպանակներից։

1980-ական թթ. սկզբին Գնդեվանքում (10 դար, Վայոց ձոր) իրականաված մաքրման և վերականգնման աշխատանքների ընթացքում կառույցներից մեկում հայտնաբերվեց եկեղեցական գանձ: Դրա մեջ կային բրոնզե մոմակալներ, պղնձե քշոցներ, եկեղեցական ջահի մասեր և այլն:

Հատկապես առանձնանում են նույն նյութերի մեջ գտնված չինական ճենապակե երկու ըմպանակները: Դրանք բարձրարվեստ նմուշներ են և կաթնագույն մակերեսին ունեն մուգ և բաց կապույտ երանգներով արված տարբեր տեսարաններ: Նստուկի հատվածում չինական հիերոգլիֆային գրեր են: Դրանք վկայում են, որ ըմպանակները պատրաստվել են չինական Մին հարստության շրջանում: Չինաստանում այն կառավարել է 14-17 դարերում: Գնդեվանքում հայտնաբերված օրինակները, ըստ ամենայնի, վերաբերում են այդ հարստության կառավարման վերջին շրջանին: Հիմնականում XVII դ. են թվագրվում նաև Գնդեվանքում գտնված մյուս առարկաները ևս: Դրանցից մի-քանիսի վրա կան նաև փորագիր հայերեն արձանագրություններ, որոնք կոնկրետ ժամանակաշրջան են մատնանշում:

Հայտնաբերված չինական ըմպանակները շատ կարևոր են: Դրան վկայում են, որ մեր ժողովրդի ու եկեղեցու համար բարդ ու ծանր ժամանակաշրջանում անգամ, հայ վաճառականները շարունակել են իրենց առևտրական գործարքները հեռավոր արևելյան տարածաշրջաններում և մասնակիցը եղել «Մետաքսի ճանապարհի» ուշմիջնադարյան տարանցիկ առևտրին:

FB