Միջնադարի այդ շռայլությունը քանդակագործին, մանրանկարչին, ճարտարապետին, Գլաձորյան նոր դպրոցի հիմնադրին մեր սերունդը պարտավոր է մեծարել, և պետք է հնարավորություն ստեղծել երիտասարդության համար` ճանաչելու նրան:
Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյան
Անդրադառնալով Մոմիկի գործունեությանը` անկարելի է չհիշատակել Սյունյաց Մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանին, քանզի այս երկու նշանավոր գործիչների ձեռնարկումներով էր պայմանավորված միանգամայն ազգային դիմագիծ ունեցող հոգևոր-մշակութային կյանքի անշեղ վերելքը:
Ստեփանոս Օրբելյանի հովանավորությամբ Մոմիկը կառուցել է Տաթևի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը համարվում է նրա թերևս առաջին ճարտարապետական խոշոր գործը: Այն թաղածածկ է, կառուցվել է 1138թ. երկրաշարժից հետո ավերված եկեղեցու փոխարեն: Աշխատանքներն ավարտվել են 1295 թվականին:
Արենիի Ս.Աստվածածին եկեղեցին կառուցվել է դարչնագույն տուֆից և կենտրոնագմբեթ է: Այն կարծես բազմել է Արփա գետի ձախ ափին գտնվող բարձունքի վրա:Այսօր էլ պահպանել է իր գերիշխող դիրքը շրջապատի նկատմամբ:Կառուցելու ընթացքում մեծ վարպետը հրաժարվել է ժամանակի պաշտամունքային ավանդական ձևերից` գմբեթը հենելով երկու առանձին կանգնած մույթերի վրա: Երբ արևմտյան կողմից ներս ենք մտնում, մեր առջև հառնում են Մոմիկի որմնանկարներն ու պատկերաքանդակները: Արևմտյան մուտքի ճակատակալ քարին Ս.Աստվածամայրն է մանուկ Հիսուսի հետ: Տիրամայրը պատկերված է որպես մի երկնային թագուհի: Եկեղեցու վրա թողած արձանագրությունում Մոմիկը հիշատակում է 1321թ. տեղի ուենցած երկրաշարժի մասին: Ս.Աստվածածինն ավարտելուց անմիջապես հետո, Օրբելյան իշխանների հանձնարարությամբ, Մոմիկն սկսում է վերակառուցել երկրաշարժից տուժած Նորավանքի գլխավոր եկեղեցու արևմտյան գավիթը, որտեղ էլ տեղադրված են հեղինակի անձեռակերտ պատկերաքանդակները: Մեր օրերում ևս շարունակում են մեծ հռչակ է վայելել գավթի մուտքի բարավորի Հայր Աստծու պատկերաքանդակը` իր փառահեղ մորուքով, խոշոր, ձվաձև աչքերով, գանգուր մազերով, աջ ձեռքը օրհնության համար վեր բարձրացրած, իսկ ձախով` կրծքի մակարդակին ադամորդու գլուխը պահած: Մասնագետներից ոմանք գտնում են, որ դա Ադամի ստեղծման տեսարանն է: Հայր Աստծո մարդակերպ պատկերագրությունը ևս աննախադեպ է և հենց դրանով էլ առավելապես ընդգծվում է գավթի քանդակագործի անկրկնելի տաղանդը: Աստծո մորուքից ցած Սուրբ Հոգու խորհրդանիշն է` խաչաձև լուսապսակով, շրջանի մեջ վերցված, գլուխը ներքև ուղղած աղավնին, որի կտուցը հպվում է Աստծո ձեռքում պահված Ադամի շուրթերին:Քանդակի աջ եզրին հրեշտակի պատկերն է` դեմքով ուղղված Հայր Աստծուն: Ձախ մասում` օրհնող աջի տակ, խաչված Քրիստոսն է, որից ձախ Աստվածածինն է, աջ` Հավհաննես Ավետարանիչը, իսկ ներքևում` պառկած և ձեռքը դեպի խաչելություն ուղղած Դանիել մարգարեն: Քրիստոսի գլխի երկու կողմերում արևի և լուսնի խորհրդանիշներն են: Հայր Աստծուց դեպի Ադամ իջնող Սուրբ Հոգու և Հիսուս Քրիստոսի պատկերներով քանդակը մարմնավորում է սուրբ Երրորդության անխզելիության գաղափարը:
Մոմիկն, իր ամբողջ հմտությունը և փորձը գործի դնելով, փաստորեն կառուցում է նոր գավիթ` այն զարդարելով մեծարժեք քանդակներով: Ճակատակալ քարի վրա պահպանվել է արձանագրություն (1321թ.), ուր ասվում է .«Այս է առ իմ արհնեալ եւ ահեղ անուն Աստված ի ծագած մինչ ի ծագս ծագ ի նորո: ՉՀ: Բառն խրատ և ոչ վճիռ: Եսայի»:(Բարխուդարյան Ս.,Դիվան հայ վիմագրության, պրակ III, Եր., 1967:):
Քանդակագործի տաղանդի վկայությունն են նաև հայ միջնադարյան մշակույթին բնորոշ մի շարք խաչքարերը, որոնցից երկուսի վրա պահպանվել է Մոմիկի անունը: Այս երկու գործերն էլ դասվում են խաչքարագործական արվեստի լավագույն ստեղծագործությունների շարքին: Խաչքարերից մեկը նվիրված է Ստ.Օրբելյանին, որը քանդակել է պատմիչի մահից անմիջապես հետո` 1304թ.,մյուսը Սյունյաց իշխանուհի Թաթմա խաթունի պատվերով կառուցվածն է` քանդակված 1308թ.: Խաչքարի ստորին մասը գտնվում էր Ս. Գրիգոր եկեղեցում, իսկ վերին հատվածը հայտնաբերվել է 1983թ.` Գլաձորի համալսարանի 700-ամյակի տոնակատարության նախապատրաստման առիթով Նորավանքի վանական համալիրում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Հետագայում ամբողջական խաչքարը տեղափոխվել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:
Նորավանքում Բուրթելաշեն երկհարկանի տապանատուն-եկեղեցին նույնպես Մոմիկի ճարտարապետական մտքի գլուխգործոցներից է: Այն զարդարված է մարդկային, բուսական և երկրաչափական նուրբ ու հարուստ բազմաթիվ քանդակներով: Այն թերևս Մոմիկի վերջին գործն էր, որը, նրա մահվանից հետո, ավարտական տեսքի բերեցին վարպետի աշակերտները:
Մոմիկի մտքի արգասիքն էր նաև Զորաց եկեղեցին, որի արևմտյան կողմում տարածված սարահարթը, ըստ որոշ աղբյուրների, հանդիսանում էր իշխանական զորագնդի վարժատեղին: Կառույցն իր եռանկյունաձև խորշերով ընդհանրություններ ունի Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու հետ:
Մոմիկը մահացել և թաղվել է Նորավանքում: Նրա աշակերտները համեստ մի խաչքար են կանգնեցրել իրենց մեծատաղանդ վարպետի գերեզմանին հետևյալ արձանագրությամբ. «ՀԻՇԵԱ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՈՒԱԾՄՈՄԿԱ ՀՈԳԻՆԵՎ ՈՂՈՐՄԵԱ ԹՎ ՉՁԲ» (1333):