Կառքը որպես բրոնզեդարյան համայնքներում առանձնաշնորհյալ անձանց թաղման ծեսում օգտագործված կարևոր ատրիբուտ, խորհրդանշել է առաջնորդի հոգին երկինք տեղափոխող փոխադրամիջոց, որին ուղեկցում էր թռչունը։
Կուրարաքսյան միջագետքի մի շարք հնահանրություններում ուշ բրոնզի դարում (մ.թ.ա. 15-13-րդ դարեր) առանձնաշնորհյալների թաղումներում կիրառվել է կառքային համալիրը կամ վերջինս փոխարինվել է խորհրդանշական մասերով։
Պ․գ․թ․ Բենիկ Վարդանյանի (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իսնտիտուտ) ուսումնասիրությունները վկայում են․
Մ.թ.ա. 15-րդ դարից սկսած, Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում և հարակից տարածքներում, փաստագրվում են կառքերի օգտագործման մասին տարատեսակ վկայություններ, ինչպես նաև կառքերի պատկերներ խեցեղեն և բրոնզից առարկաների վրա։ Ժայռապատկերներում նույնպես հանդիպում են կառքերով որսի և այլ տեսարաններ։
Լճաշենի և համաժամանակյա մի շարք դամբանադաշտերում ճաղավոր (28) անիվներով, բաց թափքով և երկու ձիերով լծված կառքեր են փաստագրվել։ Որոշ դամբանաբլուրներում ամբողջական կառքի փոխարեն օգտագործվել է վերջինիս խորհրդանշական մասը՝ լուծը և/կամ լծասարքի որոշ մասեր։ Մասնավորապես, Լճաշենից, Լոռի Բերդից, Վերին Նավերից, Բերիկլդեեբիից, Կարաջամիրլիից հայտնաբերված բրոնզե ծայրապանները, եղջյուրաձև առարկաները, խարսխաձև պատվանդանի վրա կանգնած թռչնարձանները կազմել են ձևավոր լծի մաս։
Եղջյուրաձև առարկաների միջոցով ոչ թե անցկացվել են ձիասանձերին միացված կաշեփոկերն, այլ դրանց միջոցով ձիու կրծքավանդակը գրկող և լծին միացող կաշեփոկը, որով և տեղի էր ունենում քարշակումը։ Այսինքն, լուծը միացված լիելով առեղին, պտտվում էր իր առանցքի շուրջ, իսկ կառքը կառավարվում էր ձիերի լծման թիկնային համակարգով՝ ձիասանձերի առանձին միացված կաշեփոկերի միջոցով։