ՏԵՂԵՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Արագածոտնի մարզ
գ. Տեղեր
պետ. ցուցիչ` 2.106.3
Գտնվում է Բյուրականից հյուսիս, Տեղեր գյուղում, անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության`վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ.: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:
Ս. Աստվածածին եկեղեցի -ըստ գմբեթի թմբուկի հարավայի նկողի վրա պահպանված արձանագրության կառուցվել է 1213 թ.: Պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին: Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով:
Գավիթ-կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Ըստ գավթի հարավարևելյան սյան խոյակի վրա պահպանված արձանագրության` կառուցել է Աղբայրիկ ճարտարապետը 1221 թ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին: Գավիթն ուշագրավ է իր ծավալատարածական հորինվածքով և առանձնահատուկ տեղ է գրավում նույնատիպ գավիթների շարքում: Գավթի հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյունների տանիքի վրա տեղադրված են մատուռանման երկու փոքր եկեղեցիներ, որոնք արտաքուստ ուղղանկյուն, արևելյան կողմից փոքր խորանով կենտրոնագմբեթ կառույցներ են: Մատուռների մուտքը դեպի գավիթ տանիքից են: Աղբայրիկ ճարտարապետի այս ինքնատիպ լուծումը կառույցին տալիս է վեհ ու սլացիկ կերպարանք:
Պաշտպանական նկատառումներից ելնելով`վանքը պարսպապատվել է: 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում վերանորոգվել է:
Վանքը մեծապես վնասվել է 1949 թ. երկրաշարժից: Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ. :
Հիմնական գրականություն
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963: