Մահազդ

Մահազդ

2023-11-21T16:49:50+00:00 21/11/2023|Լրահոս|

Խոր ցավով հայտնում ենք, որ մահացել է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  շինարարական աշխատանքների գծով փորձագետ Բաբկեն Իգիթյանը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վշտակցում է Իգիթյան  ընտանիքի անդամներին, մտերիմներին, գործընկերներին։

Բաբկեն Իգիթյանը ծնվել է  1950 թվականի հունիսի 15-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

1969 թ․-ին ընդունվել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինտիտուտը, ստացել շինարար-ինժեների որակավորում։

Մասնագիտական գիտելիքները գործի է դրել 1975-1978 թթ․  Ախուրյանի թիվ 4 տրեստի Արթիկի Շ․Մ․Շ․ 51-ում ՝ որպես ավագ աշխատանքի ղեկավար։

1978-1980 թվականներին վերոնշյալ շինարարական կազմակերպությունում աշխատել է  որպես գլխավոր ինժեներ։

1990-1995 թթ․ եղել է «Արթիկշին» ՀՊՁ թիվ 1 ՇՄՇ-ի պետ, որի ընթացքում կառուցվել է «Լմբատ» բնակելի թաղամասը։

1999-2002 թթ․ գլխավորել է «Էվերեստ Հոլդինգ» ՍՊԸ-ի ճարտարապետական աշխատանքները։  2002 թ․-ին  հիմնադրել է «ՀԻԴՐՈԻԶՈԼ» ՍՊԸ-ն։

Իգիթյանի հարուստ աշխատանքային կենսագրությունը, այսքանով չի սահմանափակվում, բազմաթիվ են այն կազմակերպությունները, որոնց շինարարական աշխատանքները ղեկավարել է անվանի շինարար-ինժեները։

2022 թ․ աշխատանքի է անցել ՀՀ  ԿԳՄՍՆ  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում  որպես շինարարական աշխատանքների գծով փորձագետ։ Իր հետ բերելով բազմամյա  փորձն ու վաստակը՝ Բաբկեն Իգիթյանը նոր կյանք է տվել  պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների, որոնցից  վերջինը՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։

Բաբկեն Իգիթյանը կյանքի վերջին օրն անգամ աշխատանքի էր՝ իրեն հատուկ կենսախնդությամբ, աշխատասիրությամբ ու բծախնդրությամբ։

 

Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին  «Զոլեր» սգո սրահում, Գրիգոր Հասրաթյան փողոց 25/3, ժամը 17:30-20:00։

Վերջին հրաժեշտը նոյեմբերի 23-ին, ժամը 13։00 «Զոլեր» սգո սրահից։