ՋՐԱՓԻԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՄՈՒՐՋԸ

ՋՐԱՓԻԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՄՈՒՐՋԸ

2013-08-01T15:49:12+00:00 01/08/2013|Շիրակի Հուշարձաններ|

ՋՐԱՓԻԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՄՈՒՐՋԸ

Շիրակի մարզ
գ. Ջրափի
պետ. ցուցիչ` 7.98.7.3, 7.98.6

Ներկայիս Ջրափի գյուղը հիմնադրվել է 1970 թվականին` Ախուրյանի ջրամբարի կառուցման կապակցությամբ` Ներքին Ջրափի (Չըռփլի) և Վերին Ջրափի (Ղեղաջ) գյուղերի ապաբնակեցման պատճառով: Ներքին Ջրափի գյուղի վրայով է անցել միջին դարերի միջազգային տարանցիկ առևտրի գլխավոր ճանապարհների մի ուղեգիծ: Այստեղ մինչև հիմա էլ պահպանված է քարավանատան ավերակ շենքը:

Քարավանատուն – այն 10-11 դդ. քարավանատուն է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին: Կառուցված է հիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը` քարե սալիկներով: Այն ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ:

Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է` 31մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ: Ըստ երկայնքի` երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով:

Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա: Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամուրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է:

Կամուրջ – կառուցված է տեղական մաքուր տաշված տուֆաքարերից, կրաշաղախով և իրականացված է մեծ խնամքով ու հնարամտությամբ (այժմ ավերված): Ախուրյանն այստեղ չափազանց խոր ու նեղ կիրճով է անցնում և այդ խոր անդունդի վրա, ուղիղ նրա միջից տիրաբար բարձրանում է հսկա կամուրջը, որ տեսնողին հիացմունք ու վեհության զգացում է հաղորդում: Ջրափի գյուղի մոտ, Ախուրյանի ձորում գտնվող կամուրջը հանդիսանում է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր հիդրո-ինժեներական կառույցներից մեկը: Կառուցողը կարողացել է տեղանքի բարդ պայմաններում փայլուն կերպով իրականացնել կամուրջի շինարարության խնդիրը: Կամուրջի երթևեկային մասը հենվում էր միմյանց զուգահեռ երեք երկայնական պատերի վրա, որոնք վերևից իրար էին միանում գլանաձև երկու թաղերով:

Ներքին Ջրափի գյուղի կամուրջը միևնույն ժամանակ ծառայում էր նաև որպես ջրանցույց (ակվեդուկ, կամուրջ-ջրատար): Ջուրը աջ ափից կամուրջի վրայով փոխադրվում էր ձախ ափը, որը հնարավոր էր դարձնում այն օգտագործել ոռոգման համար:

Ջրափիի կամուրջն ամենամեծն է Ախուրյան գետի վրա կառուցված մյուս 9 կամուրջներից. որի վերաբերյալ, Թ. Թորամանյանը նշել է.«Այս կամուրջը թե ավելի լայն է, թե ավելի բարձր քան Անիի կամուրջը: Այս երկու կամուրջները քանդվել են թուրք-պարսկական կռվի ժամանակ պարսիկների ձեռքով` թուրքերի արշավանքը դժվարացնելու համար: Այս կամուրջների շինության ոճը եթե քննենք, պիտի տեսնենք, որ իրենց պարզությամբ, ոճի հատկություններով իրենց կամարների ձևով, պարզությամբ ու գեղեցկությամբ կպատկանին տեղական հայկական ոճին»:

Հիմնական գրականություն

Թ. Թորամանյան Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Եր., 1948:

Վ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Եր., 1960: