ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ
Շիրակի մարզ
գ. Անիպեմզա
պետ. ցուցիչ` 7. 13. 2. 7.
Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին, Երերույքի արհեստական ջրամբարի (IV-V դդ.) պատնեշի հյուսիսարևմտյան կողմում, ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: X դ. արձանագրության համաձայն (վերծանումը` Ն. Մառի) կոչվել է Ս. Կարապետի վկայարան: Ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Ս. Երրորդություն անունով: Հուշարձանը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ է` արտաքին կամարակապ սրահներով, եզերված բազմաստիճան գետնախարիսխով: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ, որպես հեթանոսական մեհյան: Ըստ ճարտարապետ Թ. Թորամանյանի նկարագրության, ակնհայտ են տարբեր ժամանակների վերակառուցումները: Նախնական կառույցին տարբեր ժամանակներում հավելել են արևմտյան կողմի նախասրահը, կողային սենյակները, հարավային և հյուսիսային ճակատներին կից արտաքին սրահները և այժմյան բազմաստիճան գետնախարիսխը: Այս ամենը արված է մեծ վարպետությամբ, գեղարվեստական ճաշակով` ստեղծելով ժամանակի ճարտարապետական ոգուն համապատասխան նոր` առավել բարդ ու ամբողջական կառույց: Ճարտարապետական հարդարանքը զուսպ ու նրբագեղ է: Քանդակները կատարված են ոչ մեծ խորությամբ: Գեղարվեստորեն են մշակված արևմտյան` մեկ և հարավային զույգ շքամուտքերը, միակտուր բարավորները, լուսամուտները, բեկվածքավոր և ատամնաշար քիվերը, խոյակները, որմնամույթերի խարիսխները: Ճարտարապետական որոշ մանրամասեր, ինչպես և շքամուտքերի հորինվածքը ելակետային են դարձել հետագա դարերի հայ ճարտարապետության համար: Պահպանվել են որմնանկարչության հետքեր: Ըստ XX դ. սկզբին արված լուսանկարների` պահպանվել էին տաճարի հարավարևմտյան ավանդատան արևմտյան և հյուսիսային պատերը: Սակայն դրանցից մեզ են հասել միայն ավերակները, հյուսիսարևմտյան ավանդատան հյուսիսային պատը, շաղախից անջատված հարավարևելյան երեսապատը:
Վերանորոգվել է Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից դեռևս 1928-29 թթ., ամրացվել են հարավային երեսապատի պակասող մասերը, արևելյան պատի բացվածքը և պատերի որոշ հատվածներ: 1948 թ. ձեռնարկվել է ոչ մեծ ծավալի ամրացման-կոնսերվացման աշխատանքներ: 1958 թ. վերանորոգվել են հարավային և արևելյան հիմնաստիճանները: 1964-65 թթ. վերսկսված վերանորոգման աշխատանքները մնացել են թերի:
Հիմնական գրականություն
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1, Եր., 1942:
Սահինյան Ա., Երերույք, Եր., 1984:
Թամանյան Յու., Հուշարձաններին նոր կյանք, Եր., 1988:
Марр Н., Ереруйкская базилика, Е., 1968.