ՏԻԳՐԱՆԻ ՋՐՀՈՐ
Կոտայքի մարզ
գ. Գեղաշեն
պետ. ցուցիչ՝ 6.23.40
Կոտայքի մարզի հուշարձանների մեջ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Գեղամա լեռների քարե ջրհորները, որոնցից մինչ օրս հայտնաբերված 5 ջրհորներից հաշվառված է միայն Գեղաշեն գյուղից 13 կմ արևելք գտնվող «Տիգրանի ջրհորը»: Ք.ա. II-I հազարամյակով թվագրվող հուշարձանը, ինչպեսև մյուսները, իրենց կառուցվածքով եզակի են և քիչ ուսումնասիրված: Ջրասակավ վայրերում տևական ժամանակով ջուր ունենալու համար մարդիկ ձևափոխել են լավային հոսքերն ու հրաբխային գոյացությունները: Քարե ջրհորները հիմնականում սնուցվում էին մթնոլորտային տեղումների հետևանքով: Սակայն կային ջրհորներ, որոնք ո´չ մթնոլորտային սնուցում ունեին, ո´չ էլ՝ ստորգետնյա, բայց միշտ ջուր էին պարունակում՝ շնորհիվ մթնոլորտային հոսանքների և շրջակա քարերի շփման ու ջերմաստիճանների տարբերության: Առավել հետաքրքրական են ժայռապատկերներ ու գաղափարագրեր պարունակող ջրհորները, որոնց ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ քարե ջրհորները կառուցվել և օգտագործվել են նաև որսի կենդանիներին դարանակալելու համար: