ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՍԱՐԱՆԻՍՏ /12-21-ՐԴ Դ.Դ/

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՍԱՐԱՆԻՍՏ /12-21-ՐԴ Դ.Դ/

2015-03-20T12:51:39+00:00 20/03/2015|Կոտայքի Հուշարձաններ|

Հուշարձանը գտնվում է Աբովյանի ենթատարածքի Կամարիս գյուղից մոտ 5 կմ հարավ արևելք, Գեղամա լեռնավահանի միջնամասից ձգվող Ողջաբերդի լեռնաբազկի միջգագաթային հարթավայրի վրա և զբաղեցնում է 11,8 հա տարածք: Հնավայրը հարուստ է վերգետնյա հնագիտական նյութերով, հատկապես խեցեղենի բեկորներով, որոնց համեմատական վերլուծությունը հիմք է տալիս այն թվագրելու 12-րդ դարից մինչև մեր օրերը: Դրա վկայությունն են նաև դարավանդաձև հարթեցված լանջերին մանր ու միջին կոպտատաշ քարերով ու կավահողի լիցքով կառուցված տների ավերակները, որոնց պատերն ունեն 1,5-1,8մ բարձրություն և 0,5-0,8մ լայնք:

Արևմտյան եզրին գտնվող գերեզմանոցում /պետ. ցուցիչ 6.30.5.1, 12-21-րդ դդ./ պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, երկու խաչքար, մեկ խաչքարի վերնամաս և խաչքարերի ստորին հատվածներ /պետ. ցուցիչ 6.30.5.1.1- 5.1.5/, որոնք հանդիսանում են 12-13-րդ դարերի հուշակոթողներ: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում, 2014թ. գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել է խոյակերպ տապանաքար, իսկ գյուղամիջյան հատվածում հայնաբերված շուրջ 1.8-ից երկու մետր տրամագծով, կանոնավոր մշակված, կլորավուն ,եզրային մասերում փոքր սանդաձև փորվածքներով զանգվածեղ քարը, լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի: Նախկին տեղաբնիկներն այն անվանում են «Ջրաղացի քար» կամ «Սեղանաքար»:

Գյուղատեղիի հյուսիսային եզրին է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը /1979 թ., պետ ցուցիչ 6.30.6/: Բարձրադիր լինելու պատճառով, 1970 թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ, գյուղը տեղահանվել է: