ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ-ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆ

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ-ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆ

2015-04-30T15:57:32+00:00 April 28th, 2015|Լրահոս|

Ս. թ. ապրիլի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արև Սամուելյանն աշխատանքային այցով եղել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` դիտել ցուցադրությունը, շրջել բնակատեղիում, ծանոթացել արգելոց-թանգարանի խնդիրներին: ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը ներկայացնելով գործող ցուցադրությունը նշել է, որ հուշարձանի տարածքից պեղված առարկաները վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին, ներկայացված են նաև հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը, իսկ հատուկ զետեղարանում՝ ուշ բրոնզե դարի և վաղ երկաթե դարաշրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ: Նախարարը ծանոթացել է նաև մշակման փուլում գտնվող և ժամանակավոր ցուցադրությունների սրահում պահվող գտածոներին, որոնք հայտնաբերվել են հուշարձանի տարածքում հայ-լեհական արշավախմբի կողմից անցած տարի իրականացված պեղումերի արդյունքում:

Նախարարին ներկայացվել են խնդիրները, որոնց լուծումը կնպաստի զբոսաշրջիկների առավել ակտիվ հոսքին, մասնավորապես՝ դեպի թանգարան տանող ճանապարհի նորոգումը:

Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը նկատել է, որ արգելոց-թանգարանը ցուցադրության հարուստ նյութ ունի, ինչը պետք է անպայման հասու դարձնել այցելուներին: Ըստ նախարարի, «Մեծամոր» արգելոց թանգարանը շենքային պայմանների բարելավման ու ցուցադրության արդիականացման կարիք ունի: Քննարկվել են նաև այլ խնդիրներ, դրանց լուծման ուղիները:

Նշենք, որ այս տարի լրանում է հուշարձանի տարածքում պեղման աշխատանքներ սկսելու 50 և թանգարանի հիմնադրան 45 ամյակը: