«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՐԲԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ» ԶԵԿՈՒՅՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՐԲԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ» ԶԵԿՈՒՅՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

2015-05-06T15:35:30+00:00 05/05/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը, որպես մեր երկիրը ներկայացնող գիտնական 2012թ. ից մասնակցում է Եվրոպական Միության Մարի-Կյուրի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմի քաղաքական և մշակութային հիշողությունը» ծրագրին: Այն նախատեսում է մասնակիցների գիտաճանաչողական փոխայցելություններ ծրագրում ընդգրկված երկրներ`տեղի գրադարաններում, արխիվներում աշխատելու և թանգարաններին ու պատմական հուշարձաններին ծանոթանալու համար, կազմակերպվում են նաև գիտական քննարկումներ (Workshop):

Ծրագրի շրջանակում Կ. Բազեյանը եղել է Հունաստանում և Բուլղարիայում: Բլագոևգրադ քաղաքի Նեոֆիտ Ռիլսկի համալսարանում, որը գործընկեր կազմակերպություն է, անցկացվել է երեխաների խնդիրների լուսաբանմանը նվիրված` «Ապրել Բալկաններում» խորագիրը կրող միջազգային գիտաժողով: Կ. Բազեյանի զեկուցման թեման եղել է` «Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածների հետևանքով որբացած երեխաների գոյատևման հիմնախնդիրը»: Զեկուցումն ուղեկցվել է համապատասխան լուսանկարների ցուցադրմամբ: Շեշտադրում է արվել 1895-1896թթ. համիդյան, այնուհետև 1909 թ. Ադանայի ու Հաճնի կոտորածների և հատկապես Մեծ Եղեռնի տարիներին երեխաների կրած անմարդկային զրկանքների, նրանց գոյատևաման խնդիրների ու դրանց լուծման եղանակների լուսաբանմանը: Անդրադարձ է եղել նաև օտարերկրյա անհատ-միսիոներների, միջազգային բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների հայանպաստ գործունեությանը: Զեկուցողը խոսել է միսիոներուհիներ` Կարեն Եպպեյի, Ալմա Յուհանսոնի, Մարիա Յակոբսենի, Բոդիլ Կատարինա Բյորնի և Հեդվիգ Բյուլի աշխատանքների մասին, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են հայ որբերի փրկությանը, բուժմանը, խնամքին, կրթությանն ու նրանց հետագա կյանքը կարգավորելու գործին: Խոսվել է նաև Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անգնահատելի մարդասիրական օգնության մասին, որի հովանավորությամբ ստեղծված որբանոցներում փրկվեցին հարյուր հազարավոր հայ որբեր: Ներկայացվել է նաև Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Կ. Ալեքսանյանի` «Արևմտահայ որբերի կրթական գործի կազմակերպումը Ալեքսանդրապոլի գավառում 1915-1922 թթ.» զեկույցը:

Գիտաժողովը բավականին ներկայացուցչական էր. մասնակցում էին Չեխիայից, Սլովակիայից, Մակեդոնիայից, Ավստրիայից հրավիրված գիտնականներ:

Մինչ խորհրդաժողովին մասնակցելը Հայաստանը ներկայացնող խումբը մեկնել էր Սալոնիկ` ծանոթացել քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, եղել Մակեդոնիայի պատմության թանգարանում, քաղաքի հայ կաթոլիկ եկեղեցում: Ծրագրի մասնակից գիտակրթական կազմակերպությունն Արիստոտելի անվան համալսարանն էր: