ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ` ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ` ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2015-06-01T11:22:11+00:00 May 27th, 2015|Լրահոս|

Սյունիքի մարզի Տաթև գյուղի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում, ս.թ. մայիսի 27-ին անցկացվեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացրած և ՀՀ Գիտության պետական կոմիտեի հավանությանն արժանացած «Տաթևի վանքը՝ հոգևոր, մշակութային և դպրության կենտրոն» խորագիրը կրող գիտաժողով: Ոլորտի առաջատար մասնագետները` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական և Երևանի ճարտարագիտական համալսարանների դասախոսներ` զեկուցումներով ներկայացրին Տաթևի վանական համալիրի և Տաթևի համալսարանի հոգևոր, կրթական, մշակութային գործունեությունը: Միջոցառման բացումն ազդարարվեց վանական համալիրում: Ողջունելով հյուրերին Տաթևի վանքի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը ներկայացրեց Գրիգոր Տաթևացու կենսագրությունը և հայոց, մշակութային, հոգևոր կյանքում թողած նրա ժառանգությունը: Ապա, համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց Տաթևի վանական համալիրին վերաբերող լուսանկարների ցուցահանդես: Ներկայացվել էին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարներ ու չափագրություններ, նաև` Տաթևի վանական համալիրի մասին տարբեր ժամանակներում տպագրված 10 օրինակ գրականություն: Մինչ գիտաժողովի սկիզբը ելույթ ունեցավ վանական համալիրի երգչախումբը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը ողջունելով ներկաներին նշեց, որ գիտաժողովի աշխատանքներին յուրովի խորհուրդ հաղորդեց Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի խոսքը, վանական համալիրի երգչախմբի կատարումը:
«Պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունն ու լիազորությունն է: Այդ առումով կարևոր է ոլորտի մասնագետների մեկտեղումը, հուշարձանին ու կրթական կենտրոնին վերաբերող գիտական նյութերի հրապարակումն ըստ ոլորտների, նաև` քննարկումների կազմակերպումը : Տաթևն այն պատմաճարտարապետական համալիրն է, որը պատմական, կրթական, մշակութային, հոգևոր առումով կարևոր դեր խաղաց միջնադարյան Հայաստանի գիտական մտքի զարգացման հարցում: Ամենակարևորը` Տաթևի համալսարանը բացվեց այն ժամանակ, երբ արդեն չէր գործում Գլաձորի համալսարանը և գիտության ոլորտի շատ նվիրյալներ Տաթևում շարունակեցին իրենց գործունեությունը», – իր խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ողջունելով մասնակիցներին ասաց, որ մեծ ու շնորհակալ աշխատանք է կատարվում: Նրա խոսքով, Տաթևը Սյունյաց աշխարհում կարևորագույն դեր է ունեցել: Պատահական չէ, որ երեք սրբեր են գործել Տաթևում և իրենց նշանակալի ավանդը թողել հայոց պատմության մեջ:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՄՀ հին և միջնադարյան գրականության և նրա դասվանադման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն իր ելույթում անդրադարձավ Գիրգոր Տաթևացուն` որպես կրթողի, մանկավարժի առաքելությանը: Նրա խոսքով, Տաթևացու մանկավարժական բնույթ ունեցող գրքերի մեծ մասը գրվել են հարց ու պատասխանի ձևով և դա իր բացատրությունն ունի: Տաթևացին բարձրագույն դպրոցի մեջ էր տեսնում Հայաստանի զարգացումը, նրա գործունեությունն ուղղված էր ազգակրթման ու ազգապահպանման գործունեությանը: Գ. Տաթևացին շատ լեզուներ գիտեր: Նա դաստիարակել է ոչ միայն իր խոսքերով, այլ իր գործով:

Ճարտարագիտական համալսարանի դասախոս, ճարտ. թեկնածու Նատալյա Թադևոսյանը ներկայացրեց Տաթևի վանական համալիրի պատմական վերակառուցումները: Նրա խոսքով, Տաթևի վանական համալիրը Հայաստանի ամենանշանավոր ճարտարապետական հրաշալի կառույցներից է, որտեղ հիմնադրվել ու դարերով ձևավորված է եղել միջնադարյան հոգևոր ու մշակութային կնետրոն: Պատմաբան Արտակ Գզոյանի զեկուցումն էլ վերաբերում էր Տաթևի համալսարանի 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի առաջին տասնամյակի գործունեությանը: Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանն էլ ներկայացրեց ծաղկաքաղ` սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզներից:

Ընդհանուր առմամբ 12 զեկուցումները վերաբերում էին Գ. Տաթևացի մանվակարժի, մեծ գիտնականի, փիլիսոփայի գործունեությունը: Գիտաժողովն աշխատանքն ամփոփեց հարց ու պատասխանով: