ԿՈՄԻՏԱՍ (ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, 1869-1935ԹԹ.)

ԿՈՄԻՏԱՍ (ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, 1869-1935ԹԹ.)

2015-06-18T15:20:48+00:00 June 15th, 2015|Երեվան, Հուշարձաններ|

Երևան համայնք, պետ.ցուցիչ` 1.6.124

«Կոմիտասը ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը` բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին` հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: …Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչվեց»: Ա. Իսահակյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը ծնվել է 1869թ. սեպտեմբերի 28-ին Քյոթահիայում: 1881թ. որբացած պատանուն տեղափոխում են Էջմիածին և ուսման տալիս Գևորգյան ճեմարանում, որտեղ աչքի է ընկնում ինչպես իր գեղեցիկ ձայնով, այնպես էլ և երաժշտական փայլուն ունակություններով: 1893թ. Կոմիտասը նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարում խմբավար: 1895թ. ստացել է վարդապետի աստիճան և կոչվել Կոմիտաս: 1896-1899թթ. ուսումը շարունակել է Բեռլինում` Ռ. Շմիդտի մասնավոր երաժշտանոցում և համալսարանում, մշակել ձայնը, սովորել նվագել դաշնամուր և երգեհոն: Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից է եղել: Իր աշխատանքներում Կոմիտասը բացահայտել է ժողովրդական երաժշտության տեսական հիմքերը, նկարագրել է երգաստեղծագործության բուն գործընթացը, վերլուծել հայ ժողովրդական երգի տեսակներն ու հորինվածքային հատկանիշները, բնութագրել դրանց գեղագիտական արժանիքները:

1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կառավարության կազմակերպած Մեծ Եղեռնը ընդհատեց Կոմիտասի բեղմնավոր գործուներությունը:

Հայկական երաժշտական մշակույթի գանձարանում անփոխարինելի մնացին Կոմիտասի «Պատարագ», «Կռունկ», «Մոկաց Միրզա», «Անտունի», «Գարուն ա», «Քելեր ցոլեր», «Ծիրանի ծառ», «Կաքավի Երգը», «Լոռու գութաներգը» և մյուս ստեղծագործությունները:

Պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում 1988թ. հունվարի 8-ին բացվել է Կոմիտասի արձանը: Արձանի նյութը` բրոնզ և գրանիտ, բարձրությունը` 3 մետր: Քանդակագործն է Արա Հարությունյանը, ճարտարապետը` Ֆ. Դարբինյանը: