Պետ. ցուցիչ` 10.2.2
Ամրոցը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավ-արևելյան եզրին` Տավուշ գետի աջ ափին: Հուշարձանի հիմնադրման թվականը ստույգ հայտնի չէ: Գրավոր մի քանի աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դարի սկզբին՝ որպես հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի նստավայր: Բերդը X-XI դարերում պատկանել է Բագրատունինների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դարերում` Զաքարյաններին:
XIV դարի վերջից անտերունչ մնացած Տավուշ ամրոցը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է:
Տավուշ ամրոցը բաղկացած է միջնաբերդից ու ստորին բերդից: Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ) լեզվականման տարածքը: Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևելյան մասերում: Մուտքը եղել է հարավային կողմից: Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել, բացի ամրոցի ստորոտում կառուցված 12-րդ դարի եկեղեցու մնացորդներից: Միջնաբերդի հյուսիսային կողմում դեպի դուրս ելք է ունեցել (գաղտնուղի): Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացոդներ, միանավ դահլիճի տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր: Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի «Գլգլան» կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով ( մնացորդները պահպանվել են):
Ըստ հեղինակների հիշատակությունների` Տավուշ բերդը միջնադարյան Հայաստանի խոշոր կենտրոններից մեկն էր (ժամանակակիցը Լոռե բերդի VI-XII դդ.՝ Գուգարք):
Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի գրեթե չուսումնասիրված հուշարձաններից է, ժամանակակիցը` Ամբերդի, Անիի, Դվինի և այլն: Դեռևս 1980-ական թվականներին հնագետ Հայկ Եսայանի կողմից Ամրոցի տարածքում պեղումների փորձեր կատարվեցին, բայց դրանք անավարտ մնացին: Մինչդեռ Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի նախարարական տների նիստ ու կացի, կենցաղի և արհեստների, առևտրի ու ամրոցաշինության մասին արժեքավոր նյութեր է պարունակում:
Ինչպես Տավուշ ամրոցը, այնպես էլ նրա կից տարածքները դամբարանադաշտեր, գյուղատեղիներ, գերեզմանոցներ ու այլ հնավայրեր են: Թե Տավուշ ամրոցը, և թե նրան կից հուշարձաններն ընդգրկված են ապագա «Բերդ» արգելոց-թանգարանի համար նախատեսված տարածքների կազմում:
Օգտագործված գրականության ցանկ
1. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու,1985:
2. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն (թարգմ. Առաջաբանը՝ Վ. Առաքելյան), 1982:
3. Խեչյան Է., Տավուշ (Հայ ազգագրության բանահյուսություն), ՀՀ ԳԱ, Երևան, 2000:
4. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր-1-12, Երևան, 1974-1988:
5. Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1-3, Երևան, 1972: