ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ

2015-06-30T16:08:19+00:00 23/06/2015|Շիրակ, Շիրակի Հուշարձաններ|

Բնակավայրը մինչև Ալեքսանդրապոլ կոչվելը հիշատակվել է նաև Գումրի ձևով (Գյումրի), որը Կումայրի (8-րդ դար) հնչյունափոխված տարբերակն է: 1830-ական թվականներին Գումրի բնակավայրի մեծանալուն զուգահեռ կարևորում էր նաև նրա քաղաքական, ռազմական և տնտեսական նշանակությունը: Այս հանգամանքով էր պայմանավորված, որ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ինը 1834թ. հունիսի 2-ին արձակեց հրաման նոր ամրոցի նախագծի կազմման վերաբերյալ: Բերդը կառուցվել է 10 տարվա ընթացքում` ամրոցաշինության նոր կանոնների համաձայն (ԱՄՐՈՑ «ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ» («ՄԵԾ») պետ. ցուցիչ` 7.1.1):

1837թ. հոկտեմբերի 3-ին Ախալցխայի վայրով Գումրի է գալիս Նիկոլայ 1-ին կայսրը: Ուսումնասիրելով բերդի տեղանքը նա միաժամանակ որոշում է հիմնադրել Սբ. Ալեքսանդրա անունը կրող ուղղափառ եկեղեցին: Հատկանշական է, որ նոր կառուցված բերդամրոցը 1836թ կոչվել է Ալեքսանդրապոլ և ոչ թե Գումրի բնակավայր, իսկ 1837 թվականից Գումրին, ստանալով քաղաքի կարգավիճակ, իր վրա վերցրեց նաև բերդի Ալեքսանդրապոլ անվանումը:

«Ալեքսանդրապոլ» ամրոցը հյուսիս-արևելք ձգված համարյա ուղղանկյուն հատակագծով շինություն է և տեղանքի անհարթության պատճառով միայն մի կողմն է ստացել ձևավորություն` պարսպապատ բերդապատերով:

Նորակառույց բերդահամալիրի մեջ մտնում էին զորանոցներ (մինչև 15 հազար զինվորի համար), զինամթերքի, զինհանդերձանքի և պարենամթերքի պահեստներ, եռահարկ քարե ամուր պարիսպներով հիվանդանոց, կոմունալ-տնտեսական նշանակության տարբեր շինություններ` գտնվելով ամրաշին կառուցվածքների մի հզոր համակարգում: Բերդն ուներ վառոդի 36 սենյակ, 200 թնդանոթ, ցորենով ու գարով լցված ամբարներ:

Տեղի հմուտ վարպետների ձեռքով կառուցված բերդն իր փառահեղ դիրքով քաղաքին յուրահատուկ շուք ու հանդիսավորություն էր տալիս: Հանդիսանալով ամրոցաշինության նոր խոսքի դրսևորում` Ալեքսանդրապոլը ուղղակիորեն հնարավոր չէր համեմատել տարածաշրջանի մեկ այլ նմանօրինակ կառույցի հետ, որը իրապես համարվում էր դարի զինվորական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:

Ղրիմի պատերազմից հետո` 1850-ական թվականների վերջին, «Ալեքսանդրապոլ» բերդի աջ և ձախ կողմերն ամրապնդվել են առանձին «Հյուսիսային Ֆորտ» և «Հարավային Ֆորտ» ամրություննեով: Կառուցված երկու մեծ աշտարակները` սև, կարմիր սրբատաշ տուֆաքարով պատճառ դարձան այն կոչելու ԱՄՐՈՑ «ՍԵՎ ԲԵՐԴ» («ՀԱՐԱՎԱՅԻՆ») /պետ. ցուցիչ`7.1.2/ և ԱՄՐՈՑ «ԿԱՐՄԻՐ ԲԵՐԴ» («ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ » «ՓՈՔՐ ») /պետ. ցուցիչ`7.1.3/: Այդ աշտարակներն իրենցից ներկայացնում են շրջանաձև հատակագծով պաշտպանական կառույցներ: Դրանք ներքևում ունեն մի քանի մուտքաձև բացվածքներ, իսկ դրանցից վեր կային կանոնավոր դասավորված պատուհանակերտ բացվածքներ` հրակնատներ, ամրոցի պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով: Ամրոցների ներսում պատերի երկայնքով տեղադրված են եղել զինանոցներ և այլ օժանդակ կառույցներ:

1875թ. «Ալեքսանդրապոլ» բերդի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտանբերվեց այսպես կոչված «Զինվորի դամբարան»-ը (թաղման խցում հայտնաբերվել է զենք, այստեղից էլ` դամբարանի անվանումը): Համապատասխան զեկուցագրով նյութը ուղարկվել էր Ս. Պետերբուրգ և մինչև օրս էլ այն պահվում է Էրմիտաժում: 1900թ. գերմանացի պատմաբան Էմիլ Ռոսլորը հարավային աշտարակի` Սև բերդի ստորոտում կատարեց հնագիտական ուսումնասիրություն և պեղեց 4 դամբարան: 1908թ. նույն տարածքում պեղումներ իրականացրեցին և հայտնաբերված գտածոները նույնպես պահվում են Էրմիտաժում:

1991թ. «Ալեքսանդրապոլ» բերդի մոտ հողային աշխատանքների ընթացքում բացվել էր խեցեղենով և այլ նյութական մնացորդներով հարուստ մշակութային շերտ: Այս տարածքը հայտնի էր իր վաղ երկաթեդարյան դամբարաններով: 1993թ. այստեղ կատարվեցին հետախուզական պեղումներ` 130 ք. մ ընդհանուր մակերեսով: Պեղված տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խեցանոթների բեկորներ, որոնք հիմնականում վերաբերվում էին վաղ բրոնզե դարին: Բացվել էր արևելք-արևմուտք ձգվածությամբ պատ, որը վնասված էր հիմնահողային թաղումների պատճառով: Պատի պահպանված հատվածը հիմնամասով գտնվում է 55 սմ խորության վրա բացված ավազախարն հետք ունեցող կավածեփ հատակի մեջ: Հատակին 54 սմ խորության վրա հայտանբերվել է 120 սմ տրամագիծ ունեցող կավածեփ օջախ, որի կենտրոնական մասը վնասված էր: Պատի մոտ 30 սմ խորության վրա հայտնաբերվել են թրծակավից պատրաստված ցուլի խիստ ոճավորված արձանիկ:

Հայտանբերված դամբարանները ժամանակագրությամբ բաժանվում են 2 խմբի` ուշ բրոնզեդարյան և անտիկ: Առաջին խումբն ընդգրկում է 3 դամբարան, որոնցում իրականացված էին աջ կողքին պառկած, կծկված վիճակում դիադրմամբ թաղումներ, որոնք ուղեկցվում էին վերոհիշյալ ժամանակաշրջանին բնորոշ խեցեղենով և այլ նյութերով (հմայիլ, գլանաձև կնիք, բրոնզե մատանի և այլն):

Երկրորդ խմբի բոլոր 7 դամբարանների ուղղվածությունը արևելք-արևմուտք էր, անտիկ ժամանակաշրջանին բնորոշ թաղման ծեսով` առանց ուղեկցող նյութերի:

2005 թվականից շարունակվել են «Ալեքսանդրապոլ» բերդի հարավային աշտարակի`«Սև ամրոցի» հնագիտական աշխատանքները: Այս տարածքը հիմնականում իրենից ներկայացնում է Ք. ա. 9-6-րդ դդ. ժամանակաշրջանի դամբարանադաշտ:

«Սև բերդի» մեջ կատարված հողային աշխատանքների ժամանակ բացվել է նաև 18 մ խորությամբ, կոնաձև շարվածքով ջրհոր, որն ունեցել է քարե ծածկ:

Օգտակար գրականություն
1. Գաբրիելյան Հ., Լենինական, Երևան, 1984թ.:
2. Երիցյան Ալ., Ամենայն Հայոց կաթողիկոսություն և Կովկասի հայք 19-րդ դարում, մաս Բ, Թիֆլիս, 1895.:
3. Եփրիկյան Ս.,Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա. Վենետիկ, Ս. Ղազար, 1902թ.:
4. Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992թ.:
5. Շիրակի պատմամշակույթային ժառանգությունը հանրապետական առաջին գիտաժողովի զեկուցումների թեզիսների, հոդված Ս. Տեր-Մարգարյանի, 1994թ.: