ԲԱՆԴԻՎԱՆ

ԲԱՆԴԻՎԱՆ

2015-08-19T16:42:13+00:00 19/08/2015|Շիրակ, Շիրակի Հուշարձաններ|

Գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Այն գտնվում է Ամասիայի տարածաշրջանում` ծովի մակարդակից 1955 մետր բարձրության վրա: Այն հիմնադրվել է 1829թ Կարսի մարզի Տեկորի (Տիկոր) գյուղից եկած գաղթականների կողմից: Գյուղը նախկինում կոչվել է Հին Ներքին Բանդեվան, իսկ ըստ Ալիշանի. «առ գետեզերբն կայ Պէնտըվան գիւղ, և փոքու ամրոցաւ, ուր միւս ևս պահակատուն Ռուսաց. և բերան գետակի միոյ յԱրփա»:

Ամասիա տանող ճա¬նա¬պարհի աջ կողմում` 1-1.5 կմ արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին և գյուղի հյուսիսային եզրին են գտնվում մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցների ավերակներ (պետ. ցուցիչ՝ 7.24.1), որոնց շրջակայքում առկա է մ.թ.ա. II-I հազարամյակի դամբարանադաշտ: Բանդիվան գյուղի հարավարևելյան մասում գտնվող բնակատեղիի տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. III-II հազարամյակի մենհիր՝ մենաքար (պետ. ցուցիչ՝ 7.24.3.2): Մենհիրները ննջեցյալի հիշատակին գետնի մեջ կանգնեցված նկատելի բարձրությամբ ամբողջական մեծ քարեր են` առանձին և ուղղահայաց: Նույն բնակատեղիի հյուսիսարևմտյան կողմում հայտնաբերվել է նաև դոլմեն (պետ. ցուցիչ՝ 7.24.3.1), որը համապատասխանում է մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին: Դոլմենները նույնպես մեգալիթյան մշակույթին պատկանող հնագույն թաղման կառույցներ են` քարարկղի ձևով: Դրանք կառուցված են գետնի մեջ ուղղաձիգ կանգնեցված հսկա քարերից, ունեն մուտք և տանիք` սեղանաձև դրված մեծամեծ սալաքարերով: Այս փոքրիկ քարաշեն տնակները քարարկղային թաղումներից տարբերվում են նրանով, որ դրված են գետնի վրա և ոչ թե հողի մեջ: Բանդիվանից արևմուտք` Ախուրյանի աջ ափին` ձորի մեջ, կա քարայր-կացարանների համալիր (պետ. ցուցիչ՝ 7.24.9), որին տեղացիները անվանում են «7 մաղարա»: Բանդիվանի հյուսիսային կողմում պահպանվել են V-VI դդ. կոթողներ, որոնցից առանձնանում է Հիսուսի խաչելության տեսարանով կոթողը (պետ. ցուցիչ՝ 7.24.6): Գյուղից հարավ-արևելք, «Մեծ (Ներքին) Բանդիվան» գյուղատեղիում (պետ. ցուցիչ՝ 7.24.4), ամրոցի մեջ պահպանվել են XIX-XX դդ. ձիթհանների և ջրաղացի՝ մոտ 1-1.5 բարձրությամբ պատերի մնացորդներ, իսկ Ախուրյան գետի ափին` XIX դ. ջրաղացի ավերակներ (պետ. ցուցիչ՝ 7.24.4.3): Բանդիվան գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 7.24.5) արևմտյան կողմում է գտնվում Ս. Զորավոր մատուռը: Պատմում են, որ մատուռի տակից հոսող սառնորակ աղբյուրի ջուրը կտրվել է 1918թ, այն ժամանակ, երբ թուրքերը մտել են գյուղ: Թուրքերի հեռանալուց հետո ջուրը նորից սկսել է հոսել: Նույն երևույթը կատարվել է նաև երկրաշարժի ժամանակ` 1988 թ.:

Ախուրյանի կիրճում, Բանդիվանի մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցի ավերակների մոտ` Ամասիայի ձորի բարձրադիր ձախ ափին, ՊՄՊ մարզային ծառայության կողմից վերջերս հայտնաբերվել է մի յուրօրինակ քարե հուշարձան, որը հանդիսանում է հեռահաղորդակցության ամենահին միջոցներից մեկը: Մոտ 1 մետր լայնություն ունեցող ժայռաբեկորի միջնամասում հատուկ հաշվարկով երկծայր անցք է բացված, որն էլ ծառայել է որպես կապի, այսինքն ձայնա- հեռահաղորդակցության միջոց: Քարի վրա բացված բերանի չափ անցքից արձակված ձայնային ազդանշանի միջոցով լուր-ահազանգեր են հաղորդվել ամրոց-բնակավայրից հեռու գտնվող մարդկանց (որսորդներ, ձկնորսներ, հնձվորներ, հովիվներ): Չորսհազարամյա պատմություն ունեցող հուշարձան-կոթողին տրվել է խորհրդանշական «ՔԱՐ-ՖՈՆ» անվանումը:

Օգտագործված գրականություն.
1. Ղևոնդ Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881: