Կարմրաքարը Շիրակի հնագույն բնակավայրերից է և գտնվում է Ախուրյանի տարածաշրջանում, ինչպես նշում է Ղևոնդ Ալիշանը` «ի կիրճս լերանց է», որով էլ պայմանավորված, հին անունն է «Տէրպէնտ»: Տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև Դարբանդ, Դերբենդ, Դարաբանդ անվանումներով, որը ունի պարսկական ծագում և նշանակում է «ժայռերի մեջ»: Պատմական աղբյուրներում «Դարբանդ» բնակավայրի մասին տեղեկությունները սակավ են:
Հատկապես ուշագրավ և հետաքրքրական են գյուղում գտնվող քառակող կոթողների բեկորները` պատված մարդկանց դիմանկարներով և այլ զարդաքանդակներով (V-VII դդ.): 1913թ. դեկտեմբերի 18-ին Թ. Թորամանյանը Ալեքսանդրապոլից պրոֆեսոր Մառին հասցեագրված նամակում գրում է. «Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղու գծին հյուսիսային կողմը, քաղաքեն 10-12 կիլոմետր հեռավորության վրա, կա Դարբանդ անունով մի գյուղ. լսելով, որ այնտեղ հնություններ կան, գնացի տեսնելու: Կանգուն կամ կիսականգուն շինություններ չկան այնտեղ. շատ կան հեթանոսական գերեզմաններ: Ես գնացի հայոց գերեզմանատունը, որ ի հնումն ալ գերեզմանատուն է եղած: Այդ գերեզմանատան մեջ գտա քանի մը հատ հին գերեզմանաքարեր, Հառիճի կոթողին նման, միայն թե չափազանց մաշված, տեղե տեղ փոխադրված, որոնց վրա թե մարդոց և թե ուրիշ զանազան քանդակներ կան: Մինչև այժմ իմ տեսածս այս ձևի քարերը քանդակված էին միշտ քրիստոնեական խորհրդանշաններով և սրբոց պատկերներով: Դարբանդի քարերը քրիստոնեական խորհրդանշաններ չկրելեն զատ, ավելի մոտ նմանություններ ցույց կուտան կարծեք հեթանոսական քանդակներու: Դարբանդի մարդու քանդակը թեև անասունի կամ գազանի գլուխ ունի»:
2005 թ. գարնանը Կարմրաքար գյուղի տարածքում հնագիտական հետախուզությունների արդյունքում հայտնաբերվեց նոր հնավայր: Այն գտնվում է գյուղը արևելյան կողմից եզերող գետակի հակադիր, բարձրադիր ափին, որն ընդգրկում է մոտ 10 հեկտար հարթ մակերեսով տարածք: Բացվեցին կիսավեր դամբարաններ, իսկ փլուզված ու փոսերի մեջ լցված հողի միջից հայտնաբերվեցին վաղ բրոնզի և երկաթի ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղենի բեկորներ և այլ նյութեր, որոնք համապատասխանում են մ.թ.ա. VIII-VII դդ.: Կիսավեր դամբարանը հյուսիս-հարավ կողմնորոշմամբ ուղղանկյուն խուց է (երկ.` 240սմ, լայն.` 160սմ, խոր.` մոտ 150սմ), իսկ որպես ծածկասալ ծառայել են իրար զուգահեռ դրված երկու սալերը: Բացի մեծահասակի ոսկորներից հայտնաբերվել են նաև երեխայի մի քանի կաթնատամներ: Հավանաբար, թաղման խցում եղել է երկու կմախք: Դամբարանից գտնված հիմնական նյութը խեցեղենն է, կան նաև աշխատանքային գործիքներ և արդուզարդի պարագաներ: Կառուցվածքն ու հայտնաբերված նյութերը թույլ են տալիս Կարմրաքարի դամբարանն ու դամբարանադաշտը դասել Հայկական լեռնաշխարհի` մ.թ.ա. VIII-VII դդ. հուշարձանների շարքին: Գյուղի մոտակայքում պահպանվել է հսկայական անտաշ քարերով շինված ուրարտական ամրոցի մի պատ:
Կարմրաքարը հարուստ է նաև պատմամշակութային այլ հուշարձաններով: Գյուղի հարավային կողմում է գտնվել մ.թ.ա. III-I հազարամյակի բնակատեղի և մ.թ.ա. III հազ.- մ.թ. IV դ. դամբարանադաշտ (պետ. ցուցիչ՝ 7.55.1): Գյուղի հարավային եզրին պահպանվել են V-VI դդ. հին և XIX դ. եկեղեցիներ (պետ. ցուցիչ՝ 7.55.5.3): Իսկ գյուղատեղիի հյուսիսային եզրին գտնվող գերեզմանոցում պահպանվել են նաև XVII-XVIII դդ. ձկնաձև տապանաքարեր (պետ. ցուցիչ՝ 7.55.3.4):
Օգտագործված գրականություն.
1. Թորամանյան Թ., Նյութեր Հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան, 1948:
2. Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գիտական աշխատություններ, hոդված Համազասպ Խաչատրյանի և Լարիսա Եգանյանի, Գյումրի, 2005: