ԿՐԱՍԱՐ

ԿՐԱՍԱՐ

2015-08-24T16:54:12+00:00 24/08/2015|Շիրակի Հուշարձաններ|

Շիրակի մարզի հյուսիս արևմտյան մասում, Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում է գտնվում Կրասար գյուղը, որը նախկինում, ըստ Ղ.Ալիշանի, կոչվել է «Քէօր-պուլագ»: Կրասարում է ծնվել աշուղական արվեստի լավագույն ներկայացուցիչներից գուսան Շահենը:
Գյուղին հիմնադրման հետ են կապվում մի շարք հետաքրքիր պատմություններ: Հիմնադրվել է 1875թ. Ախուրյանի շրջանի, ինչպես Ալիշանն է նշում, «Արըխվէլի Նոր կամ Երրորդ» գյուղից «այժմյան Լեռնուտ» եկած 7 ռանչպար ընտանիքների կողմից, որոնց նախնիները Արըխվէլի են հասել 1828թ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ներգաղթի հետևանքով: Նրանք գաղթել են Ալաշկերտից և Խնուսից: Գյուղի հիմնադրման հետ միաժամանակ (1870-ական թթ.) կառուցվել է նաև եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 7.58.4): Եկեղեցին որպես հոգևոր վայր գոյատևել է մինչև խորհրդային իշխանության տարիները, որից հետո ծառայել է որպես պահեստ: Եկեղեցին վերակառուցվել է 1989թ. գյուղի բնակչության միջոցներով: Որոշ հիշողությունների համաձայն` հայտնի է եղել Ս. Հովհաննես, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ Ս. Աստվածածին անուններով: Եկեղեցու բակում են գտնվում 2 գերեզմանաքար (պետ. ցուցիչ՝ 7.58. 4.1), որոնք թուրքական կոտորածների ժամանակ զոհված համագյուղացիների շիրիմներից են: Գյուղից 1 կմ հարավ-արևելք` սարի գագաթին, կա XIX դ. մի մատուռ (պետ. ցուցիչ՝ 7.58.6), որը ժողովրդի շրջանում հայտնի է Թուխ մանուկ անունով:

Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք Ախուրյան գետի վտակներից մեկի վրա կառուցված է Կրասարի եռաթռիչք կամուրջը (պետ. ցուցիչ` 7.58.5): Կամուրջը կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆ քարերով, իսկ թռիչքների եզրագոտիները սրբատաշ են: Այն առաջին հերթին արժեքավոր է որպես XIX դ. եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց, որի թռիչքներն ունեն 5 x 5 մ, հենասյուները` 3 x 14 մ, իսկ բանող մասը` 6 x 30 մ չափեր: Կրասարի կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին: Կրասարի կամրջի կառուցման վերաբերյալ հավաստի տեղեկություններ կան Ղ. Ալիշանի «Շիրակ» գրքում, որտեղ նշվում է, որ այն կառուցվել է 1873թ. «կիւմրեցի» Ստեփանոս Անանիկյանցի կողմից՝ «արկ վայելուչ կամուրջ եռակամար, սև և կարմիր քարամբք»: Ըստ Ալիշանի` ուշագրավ է կամրջի վրա պահպանված հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով արձանագրությունը. «Շնորհօքն ամենազօրին Աստուծոյ շինեցավ կամուրջս յինքնակալութեան Աղեքսանդր Երկրորդի օգոստափառ կայսր Ռուսաց, արդեամբ և ծախիւք Ստեփաննոսի Անանիկեանց, ի հիշատակ հոգւոյ փրկութեան իւրոյ կենակցին Գայանեայ, եղբօրն Կարապետի եւ կենակցին Հռիփսիմեայ եւ ծնողաց նոցին. եւս առաւել վերակացուին շինութեանս Գրիգորի Ռափայէլեանց»:

Այսօր Կրասարի կամուրջը հարևան Սեպասարի գյուղի հետ կապող միակ ճանապարհն է: Խորհրդային տարիներին, կամրջի ամրությունը հաշվի չառնելով, որոշել էին նրա վրայով մեծ տրամաչափի խողովակով ջրագիծ անցկացնել: Ջրագիծը շահագործվել է մինչև 1970-ական թթ.: Հետագայում կամրջի վրայով անցնող ջրագծի խողովակաշարը պատճառ է դարձել կամրջի արևմտյան կողմի` I և II թռիչքների միջև պատերի փլուզմանը: Ցավոք, Կրասարի կամուրջն այժմ վթարային վիճակում է:

Կամրջից մոտ 100 մ արևելք է գտնվել քարավանատունը (պետ. ցուցիչ՝ 7.58.7), որը եղել է «հանգրուան սուրհանդակաց» դեպի Վրաստան տանող ճանապարհին: Իսկ խորհրդային տարիների սկզբներին այդ շինությունը ծառայել է որպես փոստատուն, որի համար ժողովուրդը տեղանքը մինչ օրս էլ կոչում է «Փոշտի դոշ»: Քարավանատնից ոչինչ չի պահպանվել, բացի այդ վայրում գտնվող քարերի հիմքերից: Կրասարում կան նաև պատմամշակութային այլ հուշարձաններ ևս: Գյուղի հյուսիսարևելյան մասում, ինչպես նաև գյուղից 1 կմ դեպի արևելք և 1 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում են մ.թ.ա. II-I հազարամյակների դամբարանադաշտեր:

Օգտագործված գրականություն.

1.Ղևոնդ Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881: