«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Հայաստանի անկախության 24-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցում բացվել է Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու մասին պատմող ցուցահանդես: Ներկայացվել են Ս. Խաչ եկեղեցու արխիվային լուսանկարներ, հատակագծեր, չափագրություններ:
Ս. Խաչ եկեղեցին եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը, այստեղ գործել է Աղթամարի կաթողիկոսությունը (XII–XIX դդ.): Նրա գլխավոր առանձնահատկությունը, ինքնատիպ ճարտարապետության հետ համադրված աստվածաշնչյան և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակներն ու որմնանկարներն են: Եկեղեցին արվեստների ճարտարապետության, քանդակագործության և նկարչության համադրության փայլուն օրինակ է` միջնադարյան հայկական մշակույթում:
Երևանի ՊՄՊ մարզային ծառայության պետ Գարիկ Վարդանյանն անդրադարձել է Ս. Խաչ եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությանն ու ցուցադրության կազմակերպման նշանակությանը: Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի տնօրեն Ռ. Արսենյանը իր շնորհակալական խոսքում կարևորել է երիտասարդների հայրենասիրական ոգին բարձր պահելու նմանօրինակ նախաձեռնությունները և երախտագիտությունը հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար: