Հոկտեմբերի 2-3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, կանցկացվի Մեծամոր հնավայրի պեղումների 50 և արգելոց-թանգարանի ստեղծման 45-ամյակներին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողով:
«Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողովին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, ներկայացուցիչներ` Գիտության պետական կոմիտեից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից, ՌԴ ժառանգության ինստիտուտից: Զեկուցումներով հանդես կգան իննը երկիր ներկայացնող հայ և օտարազգի պատմաբան-հնագետներ ՌԴ-ից, Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իտալիայից, ԼՂՀ-ից ու այլն:
Կներկայացվի հնավայրի պատմական, մշակութային հարուստ ժառանգությունը: Զեկուցումների թեման ընդգրկուն է` հնագիտական հուշարձաններին հասցված վնասի հատուցման հիմնախնդիրները, հնագիտական ժառանգության վիճակը և այլն: Անդրադարձ կլինի խորհրդային, վերջին տարիներին հայ-լեհական արշավախմբի կողմից իրականացված պեղումներին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին գիտաժողովի մասնակցիները կմեկնեն Մեծամոր` մասնակցելու համալրված ցուցադրության բացմանը: Կներկայացվեն վերջին մի քանի տարիներին իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված իրերը, առարկաներն ու գտածոները:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հոբելյանների առթիվ տպագրվել է երկու աշխատություն՝ «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» գիտական հոդվածների ժողովածուն և հնավայրի պեղումների վերաբերյալ Մեծամոր. պատմահնագիտական ակնարկը: