ԴՎԻՆ

ԴՎԻՆ

Հայոց Խոսրով Գ Կոտակ թագավորը IV դարի 30-ական թվականներին հիմնադրեց Դվին մայրաքաղաքը, այն կարճ ժամանակում վերածվեց միջնադարյան ծաղկուն քաղաքի: Դառնալով երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն` Դվինի դերը հասարակական կյանքում նկատելիորեն մեծացավ, երբ հայոց կաթղիկոս Գյուտ Ա-ն 470թ. Վաղարշապատից այստեղ տեղափոխեց կաթողիկոսարանը: Դրա համար քաղաքի կենտրոնական թաղում, եռանավ եկեղեցու մոտ, կառուցվեցին վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրանոց և այլ շենքեր: Դառնալով երկրի հոգևոր կենտրոն` 506-720թթ. Դվինում գումարվել են եկեղեցական ժողովներ, որտեղ քննարկվել են եկեղեցական և աշխարհիկ բնույթի կարևոր խնդիրներ: Առաջին ժողովը հրավիրվել է 506 թ-ին` նեստորականության և քաղկեդոնականության հետ առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Ժողովին մասնակցել են 20 եպիսկոպոս, վանականներ, երեցներ, 14 նախարարներ, մարզպան Վարդ Մամիկոնյանը, ինչպես նաև Վրաց և Աղվանից եկեղեցիների կաթողիկոսներն ու եպիսկոպոսները: Պահպանվել է ամենայն հայոց կաթողիկոս Բաբկեն Ա Ոթմսեցու «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» վերնագրով թուղթը, որում նա հայոց եկեղեցու անունից գրված թղթում մերժում է նեստորականությունը: Դվինի Ա ժողովը, պայքարի այն հանրագումարն էր, որ հայոց եկեղեցին տասնամյակներ շարունակ մղում էր քրիստոնեական տարբեր հոսանքների և աղանդների դեմ: Այս ամենից հետո ևս շարունակում էին Հայոց աշխարհ ներթափանցել նեստորականության ներկայացուցիչները, որոնց ամենագործուն կերպով աջակցում էր Պարսկաստանը: Այդ իսկ պատճառով Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսը 554 թվականին հրավիրում է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը: Ընդունվում է «Ուխտ միաբանության հայոց աշխարհիս» գրությունը, որով մերժվում է նեստորականությունը, և այդ ժողովի ընթացքում պաշտոնապես նզովվում է Քաղկեդոնի ժողովը, ինչից էլ սկսվում է հայ և բյուզանդական եկեղեցիների պաշտոնական բաժանումը: Բացի գրությունից ընդունվում են եկեղեցական 37 կանոններ, ինչպես նաև արգելվում է աղանդավորներին օթևան տալը:

Վրաց եկեղեցին Հայոց եկեղեցուց անջատվելու առիթով հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցին 609 կամ 610 թվականին, գումարում է Դվինի Գ ժողովը, որին մասնակցում է նաև իշխան Սմբատ Բագրատունին: Ժողովում մերժվում է քաղկեդոնական դավանանքը, որոշվում է նաև Հայոց, Աղվանաց, Սյունաց եկեղեցական աթոռների աստիճանները: 645թ. կաթողիկոս Ներսես Գ Տայեցին գումարում է չորրորդ ժողովը, որտեղ սահմանվում է 12 կանոն` «Կանոնագիրք Հայոց» կամ «Կանոնք Դունա սուրբ ժողովոյն» անունով: Ժողովին մասնակցել են 17 եպիսկոպոս, նախարարներ, ազատներ: 640-ական թվականներին դեպի Հայաստան արշավեցին արաբական ուժերը: Բյուզանդիան ցանկանում էր իր կողմը գրավել հայերին` քաղկեդոնություն պարտադրելով: Այդ պատճառով Կոստանդիանոս 3-րդ կայսրն ու Կոստանդնուպոլսի պատրիարքը նամակ են ուղարկում հայոց կաթողիկոսին և իշխան Թեոդորոս Ռշտունուն` քաղկեդոնություն ընդունելու առաջարկով: Կաթողիկոսն ու իշխանը հրավիրում են հինգերորդ ժողովը: Ըստ պատմիչ Սեբեոսի` այս ժողովին մասնակցել են բոլոր նախարարներն ու եպիսկոպոսները: Ժողովը մերժում է դավանաբանական միության առաջարկը և ստեղծում` հավատի ձեռնարկ, որը խնդիր ուներ պարզաբանելու հայոց դավանանքի առանձնահատկությունները: Վերջին` 6-րդ ժողովը գումարվում է 719 թվականին` կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու գլխավորությամբ: Դվինի Զ ժողովն ընդունել է 32 հոդվածից կազմված «Կանոնք տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» անունով կանոնախումբը:

Օգտագործված գրականություն
1. ՀՍՀ Հանրագիտարան հատոր 3, Երևան, 1977
2. Արամ Քալանթարյան, Դվին, Երևան, 1988