ՄԱՆՍՏԵՎԻ ՎԱՆՔ (XIII Դ.)

ՄԱՆՍՏԵՎԻ ՎԱՆՔ (XIII Դ.)

Լոռու մարզ, պետ. ցուցիչ` 5.37.11(հիշատակվում է նաև որպես Մենաստան):

Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերը ոչ վաղ անցյալում՝ հաշվառվել են որպես մեկ համայնք, երկու գյուղերի շրջակա միջավայրերն էլ աչքի են ընկնում միջնադարյան ու վաղ շրջանի հնագույն հուշարձանների առատությամբ:

Մանստևի վանքը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք (Գուլաբի կոչվող սարի ստորոտում), նույնանուն` Մանստև գետակի աջափնյա անտառապատ մասում, Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ կապվել է Մանստև գետակի վրա կառուցված քարե կամուրջով (ցավոք այն ևս՝ կիսով չափ փլուզված է…):

Մանստևի վանքը մեզ էր հասել կիսավեր վիճակում, կացարանների, պարսպի և մի քանի գերեզմանների մնացորդների հետ միասին, (Խորհրդային միության օրոք հուշարձանի արտաքին որմնաշարերից հանվել էին երեսաքարերի մեծ մասը և կառույցը կանգուն էր մնացել միայն կրաշաղախի ամրության շնորհիվ…), ցավոք այն վեջնականապես փլուզվեց 2010թ.:

Եկեղեցին երկլանջ կտուրով միանավ թաղակապ դահլիճ է` 5.6 x 4.8 մ չափերով, արևելյան մասում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում կան ¾ շրջանաձև կտրվածքի պատուհաններ: Մուտքերը երեքն են՝ հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից:

Ծածկված է կիսագլանաձև թաղով, որը միջին մասում ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքի որմնամույթերից բարձրացող թաղակիր կամարով: Հարավային և հյուսիսային պատերի երկարությամբ արված են 4-ական որմնակամարներ, որոնց կրունկները հենվում են պահունակ-իմպոստների վրա (բացի միջնամասից, որտեղ հենարան են ծառայում որմնամույթերը:

Արտաքին տեսքում աչքի են ընկնում վերասլաց ճակտոնապատերը, որոնց գագաթին, որպես պահպանիչ խորհրդանշաններ, եղել են խոյի գլուխ պատկերող քանդակներ: Երեսապատի և ձևավոր մասերի քարերը, ինչպես նաև ծածկասալերն ամբողջովին հանվել են…

Հուշարձանն աչքի է ընկնում քարի մշակման և կառուցողական բարձր հատկանիշներով, երկայնական պատերի որմնանկամարների յուրօրինակ հնարքով:

Մանստևի վանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ կամ գրավոր հիշատակություններ չեն պահպանվել:

Եկեղեցու կառուցման ոճը բնորոշ է միջնադարյան համանման կառույցներին:

Օգտագործված գրականություն
1. Գառնիկ Շախկյան, «Լոռի Պատմության քարակերտ էջերը»